• Latest news

Սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը վտանգավո՞ր է․ ամերիկացի մասնագետ

7 փետրվարի, 2018  22:05

Նախկինում արտամարմնական բեղմնավորման ժամանակ նախաիմպլանտացիոն գենետիկ ախտոոշումն ուղեկցվում էր մի շարք վտանգներով, սակայն այսօր այդ բոլոր վտանգները նվազագույնի են հասցված: Բնականաբար, սա ամենեւին չի նշանակում, որ եթե միջամտությունը համեմատաբար անվտանգ է, ապա այն հարկավոր է անցկացնել անխտիր բոլոր սաղմերի համար: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Քալիֆորնիա, ԱՄՆ):

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը արգանդի լորձաթաղանթին իմպլանտացնելուց առաջ, այսինքն՝ հղիությունը սկսվելուց առաջ սաղմի գենետիկ խանգարումների եւ հիվանդությունների ախտորոշման մեթոդ է:

ԱՄԲ միջամտության ժամանակ ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով, եւ սաղմ է ստացվում: Ինչ-որ ժամանակ անց մասնագետները կարող են սաղմից, այսպես կոչված, բիոպսիա կատարել՝ հատուկ միկրոգործիքներով կենսաբանական նյութ է վերցվում գենետիկ հետազոտություն անցկացնելու համար: Մի կողմից՝ նման թեստավորումն օգնում է հայտնաբերել գենետիկ խանգարումները եւ արգանդի խոռոչ տեղափոխելու համար ընտրել լավագույն սաղմերը: Մյուս կողմից՝ ոմանք վախենում են, որ վերցված կենսաբանական նյութը կարող է բացասաբար ազդել սաղմի վիճակի վրա:

Ինչպես նշեց Վիգեն Սեֆիլյանը, նախկինում թեստավորման համար բջիջը վերցնում էին 3-օրական սաղմից, որը կազմված էր ընդամենը 8 բջջից, այս պատճառով միջամտությունը կարելի էր ինչ-որ աստիճանով վտանգավոր համարել: Սակայն հիմա կատարում են 5-6-օրական սաղմի սքրինինգ, որն արդեն կազմված է ավելի քան 200 բջջից: Դրանից բացի, այսօր սաղմում գենետիկ ձեւափոխումների հետազոտությունը կարելի է անցկացնել նաեւ սաղմի մակերեւույթից փոքր քանակությամբ գենետիկ նյութի օգտագործմամբ, ինչը նրա համար միանշանակ անվտանգ է: Այսպիսով, այսօր, մասնագետի խոսքով, սաղմերի գենետիկ սքրինինգը միանգամայն անվտանգ միջամտություն է համարվում:

Սակայն արդյոք անհրաժե՞շտ է իմպլանտացիայից առաջ բոլոր սաղմերի համար այսպիսի թեստավորում կատարել:

Ո՛չ, անհրաժեշտ չէ, պնդում է մասնագետը: Նրա խոսքով՝ բժշկության մեջ ընդհանրապես որեւէ միջամտություն չկա, որը պետք է բոլոր հիվանդներին կատարել: Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում կատարելու որոշումը պետք է բժիշկը ընդունի՝ ելնելով զույգի առողջական վիճակից եւ ընտանեկան հիվանդությունների պատմությունից:

Նշենք, որ Հայաստանում սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում առայժմ չի կատարվում, սակայն ծրագրում են մոտ ապագայում այն ներդնել:

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը ցուցված է մոնոգեն հիվանդություններ կրողներին, ինչպիսին են՝ մուկովիսցիդոզը, Տեյա-Սաքսի հիվանդությունը, մանգաղաձեւ բջջային սակավարյունությունը, A հեմոֆիլիան եւ այլ հիվանդություններ:

Նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշումը կարող է ցուցված լինել նաեւ բնածին շեղումներով երեխաների ծնվելու մեծ հավանականությամբ զույգերին, որոնք կապված չեն ախտորոշված ձեւափոխումներ կրելու հետ: Նրանք կարող են լինել, օրինակ, այն զույգերը, որում մայրը 35 տարեկանից մեծ է կամ հայրը մեծ է 39 տարեկանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել