• Latest news

Ի՞նչ արտաքին գործոն է բարձրացնում երեխաների լուծի հավանականությունը

1 հուլիսի, 2022  11:37

Լուծը համարվում է ամբողջ աշխարհում երեխաների մահվան գլխավոր պատճառներից մեկը, հիվանդության դեպքերի թիվը հաճախ ավելանում է ուժեղ անձրեւներից եւ հեղեղումներից հետո։ Բայց լուծով հիվանդանալու հավանականությունը կարող է ավելանալ նաւե երաշտի պայմաններում, որը չարագուշակ նախանշան է կլիմայի շարունակվող ջերմացման պայմաններում։

Նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում,  Յելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են լուծով հիվանդացության ավելի բարձր մակարդակ երաշտի պայմաններում երկար մնացած երեխաների շրջանում։

Հետազոտությունն ամենամեծն է  ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում երկարատեւ երաշտի պայմաններում երեխաների լուծի առաջացման ուսումնասիրությունների պատմության մեջ։

Լուծը կարող է առաջանալ վարակված սնունդ կամ ջուր օգտագործելուց, կենդանիների արտաթորանքի հետ շփվելուց հետո։ Կապը տեղումների քանակի եւ լուծի միջեւ բավական լիարժեք է ուսումնասիրված, մինչդեռ երաշտի եւ լուծի կապի մասին տվյալներն այքան էլ շատ չեն։

Ավելի լավ հասկանալու համար կապը երաշտի եւ լուծի միջեւ՝ հեղինակներն ուսումնասիրել են առողջապահության ոլորտի միջազգային հետազոտությունները եւ կլիմայական տվյալները։

Լուծով հիվանդանալու վերջին դեպքերի մասին տվյալները հավաքվել են 1990-2019թթ. ընթացքում, ժողովրդագրական եւ բժշկական զննումների ընթացքում, USAID-ի եւ տասնյակ երկրների համատեղ աշխատանքի շրջանակում։

Հետազոտությանը մասնակցած բոլոր երկրներում երեխաների 14,4 տոկոսը տուժել է լուծից վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Ամենամեծ վտանգը գրանցվել է 6-23 ամսական երեխաների շրջանում։

Նիգերում, որը լուծից ամենաշատ տուժած երկիրն է, երեխաների մոտ 36,4 տոկոսը վերջերս հիվանդացել է լուծով։ Տուժած երկրների շարքում են Բոլիվիան, Լիբերիան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Բուրունդին, Մալավին եւ Հայիթին, որտեղ յուրաքանչյուր հինգերորդ երեխան վերջերս հիվանդացել է լուծով։

Հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ վեց ամիս երաշտի պայմաններում ապրելը 5 տոկոսով բարձրացնում է լուծով հիվանդանալու հավանականությունը, եթե երաշտը թույլ է, 8 տոկոսով, եթե երաշտն ուժեղ է։ Ջրամատակարարման, սանիտարիայի եւ հիգիենայի (օճառ եւ ջուր) հասանելիությունը լուծից պաշտպանության ցածր կամ չափավոր մակարդակ է ապահովել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ