• Latest news

Երեխաների առողջության իրավունքը. ինչո՞ւ է նկատվում մանկաբույժների պակաս. Արման Բաբլոյան

1 հունիսի, 2023  16:12

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Այդ իրավունքների շարքում առանձնահատուկ տեղ ունի առողջության իրավունքը, ինչի շուրջ NEWS.am Medicine-ը խոսել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանի հետ:

Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարեւոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:

Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարեւոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը եւ հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, եւ երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն եւ անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է եւ զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են եւ դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետարքրության անկում է նկատվում, եւ միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:


Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:

Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետեւ բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների եւ մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են եւ ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:

Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարեւոր Հայաստանում մանկաբուժության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:

Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթեւացնի հիվանդանոցային օղակի բեռը եւ հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական եւ շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:

Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է