• Latest news

Մեծ Բրիտանիայում առանց ներարկման պատվաստման մեթոդ է մշակվել

22 դեկտեմբերի, 2023  20:11

Առաջիկա մի քանի տարիներին պատվաստանյութերի ցավոտ ներարկումները կարող են անցյալ դառնալ: Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից մշակված պատվաստման նորարարական մեթոդը թույլ է տալիս պատվաստումներ կատարել առանց ներարկիչների և ասեղների օգտագործման, հայտնում է BBC-ն։

Պատվաստման համար անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդի օրգանիզմ է մտնում ուղղակիորեն՝ առանց մաշկը վնասելու՝ ուլտրաձայնային ալիքների  միջոցով:

Մեթոդը ներկայումս վերջնական փորձարկում է անցնում կենդանիների վրա և արդեն շատ խոստումնալից արդյունքներ է ցույց տվել։

Ուլտրաձայնային պատվաստման ժամանակ հարյուրավոր անգամ ավելի քիչ դեղամիջոց է մտնում օրգանիզմ, քան սովորական ներարկումով: Սա զգալիորեն նվազեցնում է կողմնակի ազդեցությունների վտանգը և միևնույն ժամանակ հեշտացնում է բժշկական նյութատեխնիկական ապահովումը՝ ավելի էժան դարձնելով պատվաստումը։

Ավելին, նման պատվաստման արդյունավետությունը, դատելով թեստերի նախնական արդյունքներից, կարող է նույնիսկ ավելի բարձր լինել, քանի որ այս կերպ պատվաստված օրգանիզմի իմունային պատասխանը հաճախ ավելի արտահայտված է լինում:

Այլ կերպ ասած, վարակից պաշտպանությունն ավելի երկար է տևում:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, ամերիկացի երեխաների երկու երրորդը և մեծահասակների գրեթե մեկ քառորդը վախենում են ներարկումներից: Սակայն պատվաստանյութերի մեծ մասը, որոնք կոլեկտիվ իմունիտետ են ապահովում, պահանջում են մաշկի տակ կամ միջմկանային ներարկում, քանի որ պատվաստանյութը պետք է անմիջապես մտնի արյան մեջ: Բոլոր կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումների ընթացքում պատվաստանյութի ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկը ուժեղ ցավն էր ներարկման տեղում, որը երբեմն մնում է մի քանի օր:

Ուլտրաձայնային պատվաստումը թույլ է տալիս հասնել նույն արդյունքին, առանց մաշկը վնասելու, «կավիտացիա»կոչվող մեթոդի շնորիվ:

Դրա համար դեղամիջոցի բարակ շերտ է քսվում մաշկի վրա, որից հետո բարձր հաճախականության ձայնային ալիքները, կարծես,  պատվաստանյութի մանրագույն պղպջակները ծակոտիների միջով մղում են օրգանիզմ՝ միևնույն ժամանակ մաքրելով մաշկը վերին շերտի մահացած բջիջներից։

Մաշկի տակ ընկնելով, նույն ուլտրաձայնի ազդեցության տակ, այդ պղպջակները «պայթում են», ինչը թույլ է տալիս դեղամիջոցի մոլեկուլներին ճեղքել բջջային թաղանթը և անմիջապես մտնել բջիջների մեջ:

Դրա շնորհիվ է, որ հզոր իմունային պատասխան է ձեռք բերվում դեղամիջոցի զգալիորեն ավելի փոքր ծավալների կիրառմամբ, քան սովորական ներարկման դեպքում:

Բացի այդ, պատվաստման այս մեթոդը լայն հնարավորություններ է բացում ԴՆԹ պատվաստանյութերի օգտագործման համար, որոնք ներկայումս մշակման փուլում են, քանի որ դրանք պահանջում են, որ դեղամիջոցը հնարավորինս մոտենա բջջի միջուկին:

Ուլտրաձայնային պատվաստման մեթոդը, որը մշակվել է Օքսֆորդի  լաբորատորիայում,    ներկայացվել է այս օրերին Ավստրալիայում տեղի ունեցող Acoustics 2023 Սիդնեյի բժիշկ-ակուստիկների համատեղ համաժողովում և նկատելի ոգևորություն առաջացրել փորձագետների շրջանում։

Մարդկանց փորձարկումները կարող են սկսվել արդեն հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել