• Latest news

Ասպիրինը պաշտպանում է ոչ միայն կաթվածից, այլեւ դիաբետից. Lancet

1 հունվարի, 2024  12:15

Ասպիրինի փոքր չափաբաժնի ամենօրյա օգտագործումը խոչընդոտում է տարեց մարդկանց մոտ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացմանը։ Իրենց հետազոտությունում այս տեսակետն ապացուցել են ավստրալացի գիտնականները։ Նրանց հոդվածը հրապարակվել է «Լանցետ» ամսագրի «Դիաբետը եւ էնդոկրինոլոգիան» հավելվածում (The Lancet Diabetes & Endocrinology)։

Տեսությունից՝ պրակտիկա

Հետազոտության հիմքում ընկած է հետեւյալ գաղափարը. քանի որ բորբոքումը մեծ դեր է խաղում 2-րդ տեսակի դիաբետի առաջացման եւ ընթացքի գործում, ապա հակաբորբոքային ազդեցությամբ այնպիսի դեղամիջոցը, ինչպիսին ասպիրինն է, կարող է օգտակար լինել այդ հիվանդության կանխարգելման հարցում։ Եվ քանի որ այդ դեղամիջոցի փոքր չափաբաժիններն ընդունում են միլիոնավոր մարդիկ ինֆարկտից եւ ինսուլտից պաշտպանվելու համար, այս տեսությունը կարելի է ստուգել նրանց վրա։

Ինչն էլ արվել է։ Ավստրալիայի Մոնաշի համալսարանի (Մելբուռն) գիտնականները 4,7 տարվա ընթացքում հետեւել են 65-ից բարձր տարիքի մի մեծ խումբ մարդկանց (մոտ 8 հազար պացիենտ), որոնք օրական 100 միլիգրամ ասպիրին են ընդունել։ Նույնքան մարդ էլ եղել է վերահսկիչ խմբում, որոնք ասպիրին չեն ընդունել։

Դիաբետի վտանգը նվազել է 15 տոկոսով

Պացիենտներին հետեւելու ընթացքում գրանցվել է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման 995 դեպք։ Դատարկահաբ ընդունողների խմբում այն ախտորոշվել է 536 մարդու մոտ, իսկ ասպիրին ընդունողների խմբում՝ 459-ի։ Այսինքն՝ այդ դեղամիջոցը պաշտպանել է դիաբետից՝ 15 տոկոսով իջեցնելով դրա առաջացման հավանականությունը։ Սա շատ լավ արդյունք է։

Հայտնաբերվել է ասպիրինի եւս մեկ ազդեցություն, որը հաստատում է այդ պաշտպանիչ արդյունքը։ Այն օգտագործողների մոտ արյան մեջ գլյուկոզան բարձրացել է առավոտյան, սոված փորին։ Այս թեստն օգտագործում են շաքարային դիաբետի եւ նախադիաբետի ախտորոշման համար։

Հաստատվել է նաեւ ասպիրինի դասական թերությունը՝ այն ոմանց մոտ կարող է արնահոսություն առաջացնել։ Դա հայտնաբերվել է 300 (3,7 տոկոս) մարդու մոտ, որոնք ընդունել են դեղը, եւ 210-ի մոտ (2,6 տոկոս) վերահսկիչ խմբից։ Դա վկայում է այն մասին, որ տարեց հասակում արնահոսության բոլոր դեպքերը չէ, որ առաջ են գալիս ասպիրինից, բայց եւ այնպես, այն բարձրացնում է դրա առաջացման վտանգը։

Թե ինչ պետք է անել նման դեպքերում՝ հայտնի է։ Ասպիրինը չեղարկում են եւ պացիենտին նշանակում այլ դեղամիջոցներ, որոնք պաշտպանում են անոթներում թրոմբների առաջացումից։ Չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ դրանք բոլորն էլ այս կամ այն չափով բարձրացնում են արնահոսության վտանգը. սա դրանց բուժական էֆեկտի հակառակ կողմն է։

Բայց քանի որ թրոմբները տարեց հասակում ավելի վտանգավոր են (դրանք հանգեցնում են ինֆարկտի եւ ինսուլտի- ծան.՝ aif.ru), իսկ արնահոսությունը հազվադեպ է լինում եւ բուժվում է, արյան մակարդելիությունը նվազեցնող դեղերը փրկում են միլիոնավոր կյանքեր։

Իսկ ասպիրինը, ինչպես այժմ հայտնի է դարձել, նաեւ պաշտպանում է շաքարային դիաբետից։ Այդ հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է մարդկանց մոտ այն տարիքում, երբ նրանք արդեն պետք է ասպիրին ընդունեն։ Եվ այդ լրացուցիչ էֆեկտը շատ տեղին է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է