• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ում քարվաճառցի 14-ամյա աղջկա կոխլեար ներպատվաստումն է ընթանում

3 հոկտեմբերի, 2014  15:12

Ներկա պահին Քարվաճառի 14-ամյա բնակչուհի Կարինե Մինասյանը կոխլեար իմպլանտացիայի է ենթարկվում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն ամբողջությամբ բարեգործական հիմունքներով է իրականացվում. Իմպլանտը Հայկական միջազգային բժշկական հիմնադրամն է տրամադրել, իսկ մնացած բոլոր ծախսերը «Էրեբունի» կլինիկան իր վրա է վերցրել: Բժիշկների բրիգադը հետեւյալ կազմով՝ Արթուր Շուքուրյան («Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար), Վիգեն Բախշինյան (Աուդիլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսաստանյան գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար) եւ  Արմինե Մարտիրոսյան («Էրեբունի» ԲԿ-ի ԼՕՌ բաժանմունքի բժիշկ) երկու երեխաների վիրահատություն է նշանակել՝ հոկտեմբերի 3-ի համար: Ութ տարեկան ռուսաստանցի տղայի վիրահատությունն արդեն ավարտվել է, ներկա պահին վիրահատարանում քարվաճառցի աղջիկն է գտնվում: 

Կարինե Մինասյանն անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու անալիզները, որոնց արդյունքում վիրահատության նկատմամբ որեւէ հակացուցում չի հայտնաբերվել: Ավելին՝ մասնագետները լավատեսորեն են տրամադրված, քանի որ աղջիկը նախկինում լսել է, խոսքի ունակությունները չի կորցրել, իսկ սուրդոմանկավարժի հետ դասընթացների ժամանակ էլ նշանակալի առաջընթաց է դրսեւորել:

Հիշեցնենք, որ NEWS.am գործակալությունը, բարեգործական ակցիայի շրջանակում, Քարվաճառում բնակվող Կարինե Մինասյանի ընտանիքին էր այցելել: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ երազում է վերականգնել լսողությունն ու վիրավույժ դառնալ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն, Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն անմիջապես արձագանքել էր Կարինե Մինասյանի մասին տեղեկատվությանը եւ իրեն պատկանող կլինիկայում նրա բուժումն անվճար կազմակերպելու մասին հանձնարարական իջեցրել:

Ամռան կեսին NEWS.am-ը Կարինեի ընտանիքի՝ Քարվաճառից Երեւան ճամփորդությունն էր կազմակերպել եւ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացված բոլոր հետազոտություններին հետեւել: Այդ օրերին Հայաստանում էին գտնվում Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանն ու UCLA Քալիֆորնիական համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման: 

Հետազոտությունների արդյունքում մասնագետներն այն եզրահանգման են եկել, որ աղջկա մոտ լսողության խանգարման պատճառը լսողական նյարդային բջիջների մեջ է թաքնված: Կարինե Մինասյանը չորրորդ աստիճանի ձեռքբերովի ծանրալսություն ունի, իսկ այդպիսի ախտորոշում ստացած երեխաներին կոխլեար իմպլանտացիա է ցուցված: Պարզաբանենք, որ Կարինեն մարդկային ձայները լսողական սարքով անգամ չի ընկալում, միայն խուլ աղմուկին է արձագանքում, իսկ զրուցակիցներին՝ շուրթերի շարժումներով հասկանում։

Նա իմպլանտի սպասող երեխաների ցանկում էր ներգրավվել եւ մինչ վիրահատությունը սուրդոմանկաբույժի հետ նախապատրաստական դասընթաց անցել:

Մանրամասները մեր հաջորդ նյութում:

Հիշեցնենք նաեւ, որ աղջկա մոր՝ Անահիտ Մինասյանի անունով հաշիվ է բացվել Կոնվերս Բանկում: Չնայած բոլոր բժշկական ծառայությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար են տրամադրվում Կարինեին, ընտանիքը հետվիրահատական վերականգնման, ձայնային պրոցեսորի միացման եւ սուրդոմանկավարժի հետ աշխատանքի ողջ ընթացքում ստիպված է Երեւանում մնալ եւ ընթացիկ ծախսերը հոգալու կարիք ունի:

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել