Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է Հայաստանի բնակչության շրջանում լայն տարածում ունեցող մի շարք հիվանդությունների` մասնավորապես սակավարյունության կանխարգելմանը: Այս մասին Ծաղկաձորում ընթացող զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար ալյուրի հարստացման, առողջ ապրելակերպի եւ իմունականխարգելման թեմաներով երկօրյա սեմինարի ընթացքում ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը։
«Սեմինարի շրջանակում կներկայացվեն առողջապահական այս ծրագիրն իրականացնելու պատճառները, ինչպես նաեւ այն հետազոտությունները, որոնք իրականացվել են մասնագետների կողմից»,- ասաց առոջապահության նախարարի տեղակալը` հավելելով, որ սպառիչ պատասխաններ կտրվեն վերջին շրջանում հանրության, լրատվամիջոցներում լայն հնչեղություն ստացած առողջապահական ծրագրի վերաբերյալ:
«Հայաստանն արդեն ունի նման` աղի պարտադիր յոդացման հաջողված փորձ: Այդ ծրագիրը լավագույնս լուծեց բնակչության շրջանում յոդի պակասի խնդիրը: Ալյուրը կարեւոր սննդային բաղադրիչ է: Գաղտնիք չէ, որ ցորենը աղալու ընթացքում կեղեւային մասը դուրս է մնում, որը պարունակում է ալյուրի հիմնական դրական բաղկացուցիչները: Ըստ էության նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադաձնել այն կարեւորագույն բաղադիչը, որն ի սկզբանե ունի ցորենը»,- ասաց Հենրիետ Արենսը:
Ալյուրի կեղեւը պարունկում է երկաթ եւ ֆոլաթթու, որն էլ հետազոտությունների համաձայն անհրաժեշտ է բնակչության մեծ խմբերին: «Սա շատ կարեւոր քննարկում է, որի նպատակն է լսել ձեր կարծիքները, մտահոգությունները: Մենք էլ մեր կողմից կտրամադրենք գիտելիքներ` հույս ունենալով, որ դուք կհանդիսանաք հանրության ձայնը»,- ընդգծեց բանախոսը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը կարեւորեց հանրության իրազեկվածության ապահովումը:
Մասնագետի գնահատմամբ` հիվանդությունները կանխարգելելու նպատակ ունեցող այս ծրագիրը ձեռնտու է նաեւ ծախսարդյունավետության տեսակետից:
Վկայակոչելով միջազգային փորձը` նա նշեց, որ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետեւանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47 տոկոսը եւ հղի կանանց 42 տոկոսն ունեն սակավարունություն (Հայաստանում` համապատասխանաբար` 37 եւ 40 տոկոս): Ֆոլաթթուն անչափ կարեւոր է պտղի զարգացման համար, հատկապես վաղ շրջանում, երբ ձեւավորվում է նյարդային խողովակը, իսկ ցինկը հանդիսանում է երեխայի աճի եւ իմունային համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կարեւորագույն միկրոտարր:
Միկրոտարրրերի եւ վիտամինների անբավարարությունն ամբողջ աշխարհում հանրային առողջության առավել լուրջ խնդիրներից է, որի հետեւանքով մարդու մոտ առաջանում են առողջական վիճակի վատթարացում եւ արտադրողականության անկում: Երկաթը յուրահատուկ միկրոտարր է, որը մտնելով արյան բաղադրության մեջ մասնակցում է թթվածնի տեղաշարժին թոքերից այլ հյուսվածքներ ու օրգաններ:
Հենրիետ Արենսը շեշտեց, որ նման միջոցառումների շնորհիվ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, առողջապահության ոլորտի մասնագետները նպատակ ունեն իրազեկել առողջապահական այս կարեւոր խնդիրի մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր