• Latest news

Երեւանի պոլիկլինիկաներում որոշ ծառայություններ վճարովի կդառնան

12 փետրվարի, 2014  21:16

Հայաստանի առողջապահության նախարարությունը պլանավորում է մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում սկսել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ամբուլատոր ծառայությունների մի մասը  կդառնա վճարովի, այսինքն կգործի համավճարի սկզբունքը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։ Ծրագիրը առայժմ չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա։

Ըստ նրա, այս փոփոխությունները նախատեսված են կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ, որը կանոնակարգում է պետական պատվերի գործընթացը առողջապահության ոլորտում, եւ որը հնարավորություն է տալիս որոշակի ծառայությունների համար կիրառել համավճարի սկզբունքը։ «Մասնավորապես, խոսքը վերաբերվում է ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում համավճարով ծառայությունների կիրառմանը։ Համավճարը հիմնականում սիմվոլիկ բնույթ է կրելու, լինելու է բավականաչափ մատչելի։ Նպատակը որոշակի զսպող եւ կանոնակարգող ֆունկցիայի իրականացումն է», - ասաց նա։

Ըստ աշխատակազմի ղեկավարի, այժմ այս ծրագրի մանրամասները քննարկվում են նախարարությունում, որից հետո այն պետք է հաստատի նախարարը։ Ըստ նախնական քննարկումների, համավճարները կլինիկական հետազոտությունների համար նախատեսվում են 500-800 դրամի շրջանակներում, կամ, ասենք 1000 դրամի չափ ուլտրաձայնային եւ այլ նմանատիպ հետազոտությունների համար։ Սուրեն Քրմոյանը նաեւ պարզաբանեց, որ այդ համավճարը չի տարածվի կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց վրա, որոնց համար բուժօգնությունը կմնա մշտապես անվճար։

«Համավճարը չի տարածվի նաեւ որոշակի կատեգորիայի անձանց վրա, օրինակ, հղիների, զինծառայողների, երեխաների եւ այլ նմանատիպ արտոնյալ խմբերի», - ասաց նա։ Բացի այդ, պոլիկլինիկաները հնարավորություն կունենան կատարվող հետազոտությունների 20% չափով արտոնություններ տրամադրել այն անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով ներառված չեն սոցիալապես անապահովների խմբում, բայց իրականում անապահով են։

Լրացուցիչ գումարները տնօրինելու են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները, դրանց 50-60% տոկոսը ուղղվելու աշխատավարձի ֆոնդին, իսկ մնացած գումարները պիտի ուղղվեն պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածության եւ ծառայությունների որակի բարելավմանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել