Որոշ մարդկանց մոտ համակարգչային խաղերից կախվածությունը կարող է նույնքան ուժեղ լինել, որքան մոլախաղերից կամ թմրանյութից: Մարդկանց ինչն է այդքան գրավում համակարգչային խաղերում: Ի՞նչն է նրանց ստիպում էլի ու էլի խաղալ դրանք:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, խաղերը մարդկանց ինքնաիրացվելու եւ իրենց շատ երազանքներ եւ ցանկություններ իրականացնելու հնարավորություն են տալիս: Խաղը խաղացողին իշխանության զգացողություն է տալիս. Նա կարող է իրեն զգալ ղեկավարի դերում (օրինակ` որեւէ խաղային ջոկատի), կարող է հնարավորություն ստանալ ցուցադրելու իր ամբողջ ուժը, իր բոլոր կարողությունները (որոնք նա իրական կյանքում գուցեեւ չունի): Այդ ամենը խաղացողին բավականության եւ ինքնագոհության զգացում է տալիս, չնայած նույնիսկ նրան, որ ամեն ինչ տեղի է ունենում ընդամենը խաղում, ոչ թե իրական կյանքում:
Շատ խաղերում մարդկանց գրավում է նոր խաղային կերպարների հետ շփվելու հնարավորությունը: Տղամարդկանց, օրինակ, դուր է գալիս շփվել կին խաղացողների հետ: Նրանց համար եւս դա ինքնատիպ ինքնաիրացում է, բացի այդ, խաղային կերպարի հետ շփումն անհամեմատ ավելի հեշտ է, քան իրական, կենդանի մարդու հետ շփվելը:
Ինչպես նշել է հոգեբանը, շատ հաճախ խաղային կախվածության զոհ են դառնում պատանեկան մաքսիմալիզմով եւ ամեն ինչ ժխտելու ձգտմամբ անչափահասներ: Խաղային աշխարհը նման անչափահասներին իդեալական է թվում, չէ՞ որ այնտեղ ամեն հարցին պատասխանում են եւ այնտեղ նա կարող է հերոս լինել, սիրել, ում ուզենա, անել, ինչ ուզենա: Այդ պատճառով, նման աշխարհում հայտնվելով` նրանք չեն ուզում վերադառնալ իրական կյանք, որտեղ ամեն ինչ այնքան պարզ եւ հարթ չէ:
Ինչպես պայքարել խաղային կախվածության դեմ: Այդ հարցին միանշանակ պատասխան, ցավոք, առայժմ չկա, սակայն ամբողջ աշխարհում շատ գիտնականներ մտածում են դրա մասին: Ռուբեն Պողոսյանի կարծիքով մի բան պարզ է. արգելելով խնդիրը հաստատ չի լուծվի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր