• Latest news

Սրտի արատով նորածնին հաջողվել է փրկել 3D տեխնոլոգիայի շնորհիվ

19 մարտի, 2016  16:25

Չինացի բժիշկները հաջողությամբ վիրահատել են սրտի բնածին ծանր արատով տառապող ինը ամսական նորածնին: Երեխայի օրգանի 3D տպագրական նմուշը վիրահատության ընթացքում օգտագործվել է որպես ակնառու ուղեցույց: 

Երեխայի սրտի վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է  մարտի 11-ին: Ընդ որում, օրգանի նմուշի օգտագործումը բժշկական պրակտիկայում  3D տպագրության տեխնոլոգիաների հնարավորությունների աստիճանական ընդլայնման եւս մի կարեւոր փուլ է ներկայացնում: 

Համարյա մեկ տարի առաջ Չինաստանում  եռաչափ  տպագրության օգնությամբ սրտի հաջող վիրահատությունների առաջին շարքն էր իրականացվել. նախ հուլիսին` Ցզյանսու նահանգում, իսկ հետո` Անհոյ նահանգի վիրաբույժների կողմից: 

Վիրահատական հերթական համանման միջամտությունն այս անգամ կատարվել է Ցզիլին նահանգում: Ինը ամսական տղան, որի քաշը վիրահատությունից առաջ ընդամենը   5,6 կգ էր, հիվանդանոց էր տեղափոխվել «սրտի բնածին արատ» ախտորոշմամբ: Դա տեղի էր ունեցել նրա ծննդից կարճ ժամանակ անց, երբ բժիշկները նկատել էին, որ երեխան շնչահեղձություն ունի: 

Արատը շատ հազվագյուտ եւ բարդ էր, - ասել է Ցզիլինի Ժողովրդական հիվանդանոցում Մանկական սրտավիրաբուժական կենտրոնի գլխավոր վիրաբույժ եւ տնօրեն Չժան Սյուցինը: Մենք էական բարդությունների բախվեցինք դեռեւս վիրահատության պլանավորման փուլում»:

Պարզվել է, որ նորածնի մոտ անկանոն են տեղաբաշխված թոքերի բոլոր չորս  զարկերակները, որոնցով արյուն է հասնում ձախ նախասրտին:  Բացի այդ, նրա մոտ միջնախասրտային միջնապատի արատ էր հայտնաբերվել, որը խոչընդոտում էր երկու նախասրտերի միջեւ արյան հոսքին: Նման լուրջ խնդիրների պարագայում գործնականում շանսեր չկային, որ երեխան ողջ կմնա: 

Չէր կարելի տղայի փոքրիկ օրգանիզմը ավանդական մոտեցմամբ վիրահատական միջամտությունների ենթարկել, այդ պատճառով բժիշկները որոշել են  3D տպագրությունն օգտագործել, որն արդեն ցույց  էր տվել նման դեպքերում իր արդյունավետությունը: 

Չժանի խոսքով, հիվանդի սրտի 3D պատճենը վերարտադրում էր նրա բոլոր արատները.  «Նմուշն աչքի առաջ ունենալով` մենք ճշգրտորեն գիտեինք, թե ինչ պիտի անենք` ընդհուպ մինչեւ այն, թե ինչ երկարություն պիտի ունենար յուրաքանչյուր կտրվածքը: Դա մեզ թույլ տվեց վիրահատությունն ավարտել երկու անգամ ավելի արագ, քան սպասում էինք»:

Այժմ տղան վերականգնվում է ընդհանուր հիվանդասենյակում, վերականգնումից հետո կկարողանա երկար եւ առողջ կյանք վարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է