Նոր Ziemer LDV Crystal Line ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս կատարել տեսողության լազերային կորեկցիա՝ առանց վիրաբուժական դանակի։ Այսինքն՝ այսօր տեսողությունը շատ կարճ ժամանակահատվածում, արդյունավետ եւ գրեթե առանց բարդությունների վերականգնելու հնարավորություն կա։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տեսողության լազերային բաժանմունքի ղեկավար Արտաշես Զիլֆյանը, ով քիչ անց լրագրողների ներկայությամբ լազերային կորեկցիա կատարեց։
Ըստ նրա՝ սա առաջին նման սարքն է Հայաստանում, վիրահատությունն արվում է ընդամենը 10 րոպեում։ Վերականգնման շրջանը տեւում է մոտ երկու-երեք ժամ, հետվիրահատական վերականգնողական շրջան որպես այդպիսին՝ չկա, իսկ մարդը կարող է լիարժեք կյանքի անցնել եւ աշխատանքի գնալ արդեն հաջորդ օրը։ Այս միջամտությունը կարելի է կատարել կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի դեպքում։
Մոտ մեկ ամիս առաջ տեսողությունը լազերային կորեկցիայով վերականգնած սոցիոլոգ Ժաննա Հարությունյանը նշեց, որ իր դեպքում այս մեթոդը բավականին արդյունավետ էր։ Նա փորձել է ակնոց կրել, հետո ոսպնյակներ, բայց ի վերջո կանգ է առել լազերային կորեկցիայի վրա, իսկ «Շենգավիթ» ԲԿ դիմել է արտասահմանյան մի շարք կլինիկաների գներին ծանոթանալուց հետո։ Ժաննան ուներ աստիգմատիզմ եւ տարբերություն աչքերի միջեւ՝ ձախի տեսողությունը -3,25 դիոպտրիա էր, աջինը՝ -1,75, ինչն էլ դիսկոմֆորտ էր ստեղծում, եւ հնարավոր չէր ակնոց կրել։ Կորեկցիայից հետո ձախ աչքի տեսողությունը վերականգվել է մինչեւ 60%, իսկ աջի տեսողությունը անգամ 120% է։
Ա. Զիլֆյանի վիճակագրության համաձայն՝ այսօրվա դրությամբ մոտ 30 հիվանդ է ենթարկվել լազերային կորեկցիայի ֆեմտովայրկյանային լազերով, իսկ մինչ այդ կենտրոնում ստանդարտ լազերային կորեկցիա են արել մոտ 1000 հիվանդի։
Ֆեմտովայրկյանային լազերով կորեկցիան «Շենգավիթ» ԲԿ-ում արժե 680 000 դրամ։





