Եթե կանայք եւ աղջիկները վարեն առողջ ապրելակերպ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի կեսը կարելի է կանխարգելել:
Գիտնականներն ասում են, որ կանայք, քաղցկեղի բարձր ռիսկի պարագայում անգամ ընդունելով այնպիսի կանխարգելիչ միջոց, ինչպիսին է տամոքսիֆենը, ոչ մի արդյունքի չեն հասնի, եթե չվարեն առողջ ապրելակերպ, հաղորդում է Newsmax Health-ը:
«Մենք փորձում ենք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել կրծքագեղձի քաղցկեղը վաղ շրջանում կանխելու համար »- ասում է բժիշկ Գրեհեմ Կոլդեցը ՝ Վաշինգթոնի համալսարանի Siteman Cancer Center-ի փոխտնորենը, Reuters Health-ին տված հարցազրույցում:
Կոլդիցը եւ իր համալսարանական կոլեգա բժիշկ Կարի Բոլկեն պնդում են, որ ավելի շատ ժամանակ պետք է հատկացվի կանխարգելիչ մեթոդներին, երբ հիվանդանալու ռիսկը մեծ է: Նման կանանց հետազոտողները խորհուրդ են տալիս ընդունել տամոքսիֆեն կամ ռալոքսիֆեն:
Նաեւ խորհուրդ են տալիս կանանց, հիվանդության կանխարգելմանը նպաստելու համար, չօգտագործել մեծ քանակով ալկոհոլային խմիչքներ, պահպանել առողջ քաշը, ուտել շատ միրգ եւ բանջարեղեն, ձավարեղեն եւ երեխային կրծքով կերակրել:
Շատ կարեւոր է վարել առողջ ապրելակերպ դաշտանի եւ հղիության շրջանում:
Հետազոտողները պարզել են, որ դեռահաս աղջիկները, ովքեր ընդհանրապես չեն օգտագործել ալկոհոլ, իջեցրել են կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 20-30 %-ով, եթե համեմատենք այն աղջիկների հետ, որոնք թեկուզ 30 օրվա մեջ մեկ անգամ են խմել:
Երիտասարդ աղջիկները, ովքեր օգտագործում են շատ միրգ, բանջարեղեն եւ ամբողջական ձավարեղեն, արդեն իսկ նվազեցնում են հիվանդության առաջ գալու ռիսկը, ասում են գիտնականները:
Ֆիզիկական ակտիվությունը կրծքագեղձի քաղցկեղի լավագույն կանխարգելիչն է՝ եթե կինը զբաղվում է սպորտով ողջ կյանքի ընթացքում, բայց դոկտոր Կոլդիցը պնդում է, որ երբեք էլ ուշ չէ սկսել:
Դաշտանադադարից հետո շատ կարեւոր է հետեւել քաշին, ասում է բժիշկը, քանի որ գեր կանայք այդ շրջանում ավելի են հակված քաղցկեղով հիվանդանալուն: Այդուամենայնիվ եթե նրանց հաջողվի քաշ գցել այդ շրջանում, նրանք զգալիորեն կնվազեցնեն հիվանդությամբ տառապելու հավանականությունը:






