Աշխարհում առաջին ոչ էմբրիոնալ ծագման ունիվերսալ ցողունային բջիջների (iPS-բջիջնների)  համազգային կենտրոնի ստեղծման ինքնատիպ ծրագիրը մեկնարկեց Ճապոնիայում: Հետագայում այսպիսի բջիջներից հնարավոր կլինի աճեցնել ցանկացած մարդկային հյուսվածք եւ նույնիսկ օրգան: Արդեն գալիք տարվա վերջին բանկը նախատեսում է կուտակել  երկրի բնակչության մոտավորապես 20%-ի մոտ մերժման ռեակցիա չառաջացնող կենսաբանական նյութ:

Ծրագիրն իրագործվում է Կիոտոյի համալսարանի iPS- բջիջների ինստիտուտի կողմից՝  բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Սինյա Յամանակայի գլխավորությամբ ճապոնական Կարմիր Խաչի եւ մի շարք գիտական կենտրոնների համագործակցությամբ:

«Հինգ տարիների ընթացքում մենք կաճեցնենք եւ կկուտակենք ցողունային բջիջներ, որոնցից հնարավոր կլինի օրգաններ արտադրել, որոնք Ճապոնիայի բնակչության 30-50 %-ի շրջանում չեն առաջացնում մերժման ռեակցիաներ, իսկ արդեն տասը տարուց երկրի բնակչության 80-90%-ը,  հիվանդությունների դեպքում, կկարողանա մեր բանկի ցողունային բջիջներից աճեցված օրգանների փոխպատվաստման հույս ունենալ», հայտարարեց ինստիտուտի ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօրվա դրությամբ  iPS բջիջների արտադրության համար օգտագործում են հենց հիվանդի մաշկի կամ արյան բջիջները: Մինչդեռ այս պրոցեսը մի քանի ամիս է պահաջում եւ արժե մոտավորապես  10 մլն յեն (100 հազար դոլար):

Շնորհիվ պրոֆեսոր Յամանակիի կողմից մշակված մեթոդի՝ հնարավոր դարձավ նախորոք աճեցնել եւ պահել iPS բջիջներ, որոնցից ,անհրաժեշտության դեպքում, կարելի է հարաբերականորեն արագ եւ էժան ստանալ անհրաժեշտ հյուսվածքը: Որոշվեց պրոցեսի արագացման համար օգտագործել հատուկ տիպի արյան բջիջներ, որոնք չեն մերժվում իմունային համակարգի կողմից: