Ծնողներին պտղի սեռը մինչեւ հղիության 30 շաբաթը չհայտնելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է տուգանք՝ աշխատավարձի 250-350-ապատիկի չափով, եթե բուժաշխատողը հայտնի ծնողներին երեխայի սեռը մինչեւ վերը նշված ժամկետը։ Եթե արարքը կրկնվի՝ կրկնակի տուգանք է նախատեսված։ Այս մասին լրագրողներին պատմեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։
Հետաքրքիր է, որ մի շարք երկրներում նման օրենքներ արդեն գործում են, իսկ, օրինակ, Հարավային Կորեայում տուգանքի փոխարեն նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ ոչ միայն բուժաշխատողի համար, այլեւ երեխայի սեռի պատճառով աբորտ արած կնոջ համար։
Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանի խոսքով՝ հանձնաժողովը քննարկել է օրենքի այս նախագիծը ԱԺ խմբակցությունների պատգավորների, ինչպես նաեւ ԱԺ Ազգաբնակչության զարգացման եւ վերարտադրողական առողջության խմբի անդամների հետ։ Բոլորը համաձայնվել են, որ երկրում իրոք լուրջ խնդիր կա՝ սելեկտիվ աբորտների թիվը ահռելի է։ Սակայն նրանք նաեւ մտահոգություն են հայտնել այս խնդիրը օրենքի միջոցով կարգավորելու վերաբերյալ, քանի որ դա կարող է մի շարք բացասական հետեւանքներ ունենալ։ Մասնավորապես, երեխայի սեռը չհայտնելու մասին օրենքը կարող է մեծացնել կոռուպցիոն ռիսկերը, բացի այդ, շատ դժվար է լինելու այս օրենքի գործել կամ չգործելը վերահսկել։
«Առաջարկում ենք, որ շեշտադրումը դրվի այնպիսի միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնք կնպաստեն մեր հասարակության մտածելակերպի փոփոխմանը, կարծրատիպերի վերացմանը», - ասաց Անուշ Սուքիասյանը, ավելացնելով, որ ինչ-որ բանի հասնելու համար պետք է առաջին հերթին փոխել մարդկանց մտածելակերպը եւ սելեկտիվ աբորտների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանել։
Իր հերթին Կարինե Սարիբեկյանն ասաց, որ շատ սերունդներ են պետք՝ մարդկանց մտածելակերպը փոխելու համար, իսկ Հայաստանը չունի այդքան ժամանակ, չէ՞ որ սելեկտիվ աբորտները լուրջ խնդիր են երկրի համար։ Այդ պատճառով, նրա կարծիքով, նման օրենք անհրաժեշտ է՝ մարդկանց վարքագիծը եւ մտածելակերպը փոխելու աշխատանքների հետ զուգահեռ։
Նա նաեւ նշեց, որ նախագիծը արդեն շրջանառության մեջ է եղել եւ մի քանի գերատեսչությունների կողմից դրական արձագանքների է արժանացել։ Իսկ հունիսի վերջին օրենքի նախագիծը արդեն ներկայացվելու է կառավարություն։
Հիշեցնենք, որ Հայաստանում տարեկան մոտ 1500 աղջիկ չի ծնվում՝ սելեկտիվ աբորտների պատճառով։ 2060 թվականին, ըստ կանխատեսումների, չի լինի մոտ 100 000 կին, ինչը Հայաստանի նման երկրի համար շատ լուրջ խնդիր է՝ թե դեմոգրաֆիական, թե սոցիալական։






