Հայաստանի վիճակը կեսարյան հատումների առումով շատ ավելի լավ է, քան մի շարք այլ երկրների, կարծում է գինեկոլոգ Մայքլ Սթարքը՝ կեսարյան հատման լայն տարածում գտած մեթոդի հեղինակը։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկն ասաց, որ ըստ իր տվյալների՝ Հայաստանում բոլոր ծննդաբերությունների 22 տոկոսն է միայն կատարվում կեսարյան հատումով, եւ սա շատ նորմալ թիվ է։ Ըստ նրա՝ շատ երկրներում կեսարյան հատում կատարում են 35-40% դեպքերում՝ հաճախ առանց բժշկական ցուցումների։
«Ես ուրախ եմ, որ Հայաստանում մարդիկ պահպանողական են եւ առանց անհրաժեշտության նման վիրահատություններ չեն կատարում»,-նշեց Մայքլ Սթարքը։
«Շատ մասնագետների կարծիքով կեսարյան հատումը ցանկալի է կատարել միայն այն դեպքում, երբ բնական ճանապարհով ծննդաբերությունը ինչ-ինչ պատճառներով անհնար է, սակայն որոշ երկրներում կեսարյան հատում նաեւ կատարում են ապագա մայրիկի ցանկությամբ։ Հայաստանում նման բան նույնպես հնարավոր է, սակայն հիմնականում բժիշկները դրան բացասաբար են վերաբերում։ Վիրահատությունը այնքան էլ դժվար չէ, բայց այն կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, եւ եթե դրա անհրաժեշտությունը չկա, ապա պետք չէ կեսարյան հատում կատարել»։
Մայքլ Սթարքի կարծիքը հայ բժիշկների վիրահատական տեխնիկայի մասին նույնպես դրական է։ Ըստ նրա՝ այստեղ շատ բժիշկներ բավականին լավ են կատարում Սթարքի մեթոդով կեսարյան հատումը։
Ի դեպ, սա նրա երկրորդ այցելությունն է Հայաստան, եւ նա շատ լավ կարծիք ունի ինչպես տեղի բժիշկների, այնպես էլ հայ ժողովրդի մասին։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ արդեն այցելել է Հայաստանի տեսարժան վայրերը, գնացել համերգների եւ Հայաստանի մշակութային կյանքը նույնպես իրեն շատ է դուր եկել։






