Այսօր հաճախ կարելի է լսել «առողջ խռմփոց» կամ «հերոսական խռմփոց», սակայն նյարդաբան եւ քնի խանգարումների մասնագետ Սամսոն Խաչատրյանը հավաստիացնում է, որ խռմփոցը չի կարող առողջ լինել, եւ այն այնքան էլ անվնաս երեւույթ չէ, ինչպես կարծում են շատ մարդիկ։

Ի՞նչ  խնդիրներ կարող են առաջանալ խռմփոցից։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը նշեց, որ առաջին հերթին խռմփացնելը կարող է մարդու մոտ առկա քրոնիկ հիվանդությունները (օրինակ հիպերտոնիա կամ առիթմիա) ավելի սրել։ Ընդ որում խռմփացնելը ինքնին չի կարող առիթմիա առաջացնել, բայց զարկերակային ճնշումը բարձրացնել կարող է։

«Երբեմն մարդու մոտ ճնշումը բարձր է, եւ ոչ մի դեղամիջոց  չի կանոնավորում այն։ Նման դեպքերում Արեւմուտքում ընդունված է հիվանդից հարցնել, նա քնի խանգարումներ ունի,  թե ոչ։  Չի բացառվում, որ այդ մարդու ճնշումը ավելի հեշտ լինի կարգավորել, եթե նրա քնի խանգարումների հետ կապված խնդիրները լուծվեն»,-ասաց Սամսոն Խաչատրյանը։

Շատ մասնագետներ կարծում են, որ խռմփացնելը նաեւ վտանգավոր է նրանով, որ կարող է ապնոէ առաջացնել. քնած ժամանակ շնչառության խանգարումներ եւ կանգ։

Ո՞վ է ավելի հակված նման խնդիր ունենալու։

Ըստ վիճակագրության՝ տղամարդկանց 40%-ը, կանանց 25%-ր, երեխաների 10%-ը խռմփացնում են։

Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ խռմփացնել կարող են բոլորը՝ անկախ տարիքից եւ սեռից, բայց ավելի հաճախ այս խնդիրն առաջանում է ավելորդ քաշ եւ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։

Քթըմպանի անատոմիական կառուցվածքի հատկանիշները եւ շնչառական օրգանները (օրինակ, քթի միջնապատի ծռություն, շատ փափուկ քիմք կամ քմային լեզվակ) նույնպես կարող են մեծ դեր ունենալ այս հարցում։

Ի դեպ տարեց մարդիկ ավելի հաճախ են խռմփացնում, քանի որ վերին շնչուղիների մուսկուլատուրան տարիքին զուգընթաց կորցնում է  էլաստիկությունը։

Խռմփացնելը կարող է նաեւ վկայել օրգանիզմում առկա ինչ-որ լուրջ հիվանդության մասին, այդ պատճառով այն չարժե անտեսել։

Կարելի՞ է բուժել խռմփոցը։

Խռմփացնելը կարելի է բուժել, հաստատեց Սամսոն Խաչատրյաը, սակայն սկզբում պարտադիր պետք է պարզել դրա պատճառը։ Եթե դա սովորական խռմփոց է, ապա այն կարելի է շատ արդյունավետորեն բուժել մի փոքրիկ վիրահատական միջամտությամբ։ Սակայն ոչ մի վիրահատություն չի  օգնի, եթե խռմփացնելը կապված է մեկ այլ՝ ավելի լուրջ խնդրի հետ՝ օրինակ, ապնոէյի։ Այդ պատճառով խռմփոցն ինքնուրույն բուժելն այնքան էլ լավ միտք չէ։ Ավելի լավ է դիմել մասնագետի, ով կարող է պարզել խռմփացնելու պատճառը եւ որոշել թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ։