Ներկայումս ճարպակալումը համամարդկային խնդիր է դարձել, իսկ այս խնդիրը մասամբ կարող է լուծել բարիաթրիկ վիրաբուժությունը։ Բարիաթրիկ մեթոդների նրբությունների, հակացուցումների եւ արդյունավետության մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է էնդոսկոպիկ եւ բարիաթրիկ վիրաբույժ Դավիթ Հարությունյանի հետ։

Ինչպես հայտնեց բժիշկը՝ բարիաթրիկ (հունարեն՝baros – քաշ; ծանրություն, iatrike – բժշկություն) վիրաբուժությունը  քաշի շտկումն է։ Արդեն կես դար է վիրաբուժությունը զբաղվում է այս հարցով, քանի որ ապացուցված է, որ մորբիդ ճարպակալումը շատ դժվար է բուժել։

Ժողովրդի մոտ այնպիսի կարծիք կա, որ ճարպակալումը պարզապես «տեսողական թերություն» է, բայց դա այդպես չէ։ Ըստ բժշկի՝ այդ կարծրատիպի դեմ պետք է պայքարել, քանի որ ճարպակալումը բավականին լուրջ հիվանդություն է։

«Շատ մարդիկ փորձում են ինքնուրույն նիհարել, ինչը բավականին դժվար է», - նշեց վիրաբույժը։ Նրա խոսքով՝ քաշ կորցնել եւ ավելի չգիրանալ հաջողվում է միայն 1-5%-ին։ Այդ պատճառով վիրաբուժության մեջ ներդրվեց բուժման մի նոր մեթոդ՝ լապարոսկոպիկ ռեստրիկտիվ  (ստամոքսի անցքի նեղացում) եւ մալաբսորբցիոն (նվազեցնում է սննդարար նյութերի կլանումը) վիրահատություններ ստամոքս-աղիքային տրակտում։

Առաջին հերթին բարիաթրիկ բոլոր վիրահատությունները կատարվում են լապարոսկոպիկ ճանապարհով. որովայնային առջեւի պատին մի քանի անցք է արվում, որտեղ տրոակարներ են ներդրվում, եւ շատ բարակ ու նուրբ սարքերով կատարվում է վիրահատությունը։

Իմանալու համար, թե արդյոք վիրահատության կարիք կա, թե ոչ, պետք է որոշել մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ)։

ՄԶԻ հաշվակում են հետեւյալ կերպ. մարդու քաշը (կիլոգրամներով) բաժանում են մարդու հասակի (մետրերով) քառակուսու վրա։ 18-25 նորմայի սահամաններում է, 18-ից պակասը՝ անորեքսիա, իսկ 25-ից բարձր՝ ավելորդ քաշ։ 30-35 առաջին աստիճանի ճարպակալում, 35-ից բարձր՝ երկրորդ աստիճանի, իսկ 40-ից բարձրի դեպքում արդեն մորբիդ ճարպակալում է։

Ըստ վիրաբույժի՝ գոյություն ունի երեք տեսակի վիրահատություն՝ ստամոքսի բանդաժավորում, թեւքային  գաստրոպլաստիկա  եւ ստամոքսի շունտավորում, որոնք համարվում են ճարպակալման բուժման ոսկե ստանդարտ։

Ստամոքսի բանդաժավորում

Որովայնի խոռոչ ներդրվում է սիլիկոնե շրջանակ, տեղադրվում է ստամոսքի վերին հատվածում, որից հետո ավազե ժամացույցի էֆեկտ է առաջանում. ձեւավորվում են փոքր եւ մեծ ստամոքսներ։ Փոքր ստամոքսի ծավալը 10-15մլ է։ Այդ դեպքում երկու թեյի գդալ սնունդ ուտելով՝ ստամոքսը լցվում է։ Ստամոքսի վերին հատվածում գտնվող բարոընկալիչները ձգվում են, երբ մարդը հաց է ուտում, եւ ազդակներ են հաղորդվում ուղեղին, որ ստամոքսը լի է, եւ պետք է դադարեցնել ուտելը։

Առավելություն. սա հետադարձելի վիրահատություն է։ Ցանկացած պահին, եթե մարդուն հոգեպես դժվար է ընտելանալ իր նոր կենսակերպին, բժիշկը կարող է հեռացնել բանդաժը։

Եթե բանդաժը մնում է օրգանիզմում, ապա տվյալ մարդը պետք է իր ողջ կյանքի ընթացքում փոքր չափաբաժնով սնվի։  Եթե այն հեռացվում է, ապա մարդը նորից կարող է գիրանալ։ Բացի այդ բանդաժավորումը կառավարելի է, այսինքն՝ դրսից այն սիլիկոնե պորտ ունի, որը դրվում է ենթամաշկային հյուսվածքի տակ։ Բժիշկը կարող է փոփոխել բանդաժի անցքը.եթե այնտեղ 1-5մլ. հեղուկ ավելացվի, ապա բանդաժի անցքը նվազում է եւ մարդը սկսում է ավելի ու ավելի քիչ ուտել։

Թեւքային  գաստրոպլաստիկա

Սա ստամոքսի մասնահատումն է, այսինքն՝ ստամոքսի գլխավոր հատվածի հեռացում։ Հիմնականում հեռացնում են ստամոքսի մարմինն ու մեծ կորությունը, եւ այն համարվում է ռեստրիկտիվ վիրահատություն. ռեստրիկտիվ վիրահատությունը ստամոքսի ծավալի  կրճատումն է։

Նորմալ մարդու ստամոքսը կարող է ընդունել 2-3 լիտր հեղուկ։ վիրահատությունից հետո ողջ ստամոքսը վերածվում է մի խողովակի, որը փաստացի, կերակրափողի շարունակությունն է։ Ստամոքսի մեջ 11 մետրանոց խողովակ են դնում, ինչից հետո ստամոքսը կարում են։ Ստամոքսի վերին հատվածում կան սովի հորմոն՝գրելին, սինթեզող բջիջներ։ Եվ երբ վիրաբույժը ստամոքսի այդ հատվածը հեռացնում է, ապա օրգանիզմում ավելի քիչ քանակությամբ գրելին է սինթեզվում, ինչն էլ օգնում է հիվանդին ավելի քիչ սովի զգացում ունենալ։ Այս բոլոր վիրահատությունների միակ նպատակն այն է, որ հիվանդը ավելի քիչ է ուտում։ Այս վիրահատությունը ոսկե ստանդարտ է համարվում, բայց կան թերություններ՝ այն անդառնալի է։ Նման վիրահատություններից հետո կարող է ավիտամինոզ առաջանալ։ Այդ պատճառով հիվանդները ամեն ամիս այցելում են բժշկի, եւ եթե բժիշկը հասկանա, որ օրգանիզմում որոշ միկրոէլեմենտներ պակաս են, ապա նա համապատասխան սրսկումներ կնշանակի։

Ստամոքսի շունտավորում

Աղե-ստամոքսային տրակտի այս վիրահատությունը ռեստրիտտիվ եւ մալաբսորբցիոն բնույթ ունի։ Դրանից հետո ստամոքսի ծավալը փոքրանում է, եւ այն նվազեցնում է սննդի ներծծումը, այսինքն՝ նորից փոքր ստամոքս է ձեւավորվում, բայց բարակ աղիքի որոշ հատված անջատվում է մարսողությունից։ Այս դեպքում ստամոքսով անցնող սնունդը միանգամից ընկնում է բարակ աղիքի հեռավոր հատվածները եւ, միկրոէլեմնտները, շրջանցելով հաստ աղիքի 1.5 մետրը, օրգանիզմի մեջ չեն ներծծվում։

Նման վիրահատությունների առավելությունը. արյան մեջ շաքարի քանակի նորմալացում, ավելորդ խոլեստերինի բուժում (արյան մեջ խոլեստերինի նորմալ մակարդակ)։

Ստամոքսի բանդաժավորման եւ թեւքային  գաստրոպլաստիկայի դեպքում հիվանդը կես տարվա ընթացքում կարող է կորցնել իր քաշի 50-60%-ը, իսկ ստամոքսի շունտավորման դեպքում՝ավելորդ քաշի  80%-ը։

Ներստամոքսային բալոն

Սա վիրահատություն չէ, այլ գործընթաց։ Գաստրոսկոպիայի սենյակում հիվանդի ստամոքս ներդրվում է բալոն, որտեղ լցվում է 500 մլ. հեղուկ։ Բալոնը փչվում է, եւ այն զբաղեցնում է ստամոքսի հիմնական տարածքը։ Եվ բնականաբար մարդն այլեւս չի կարող մեծ չափաբաժնով սնվել։

Այս գործընթացի թերությունն այն է, որ բալոնը չի կարող մնալ մարդու ստամոքսում իր ամբողջ կյանքի ընթացքում. ժամկետը 3-6 ամիս է։ Ավելի ուշ այն հեռացնում են, եւ մարդը կրկին գիրանում է։ Հիմնականում այս բալոնները օգտագործվում են ամենածանր հիվանդների համար, ում քաշը կարող է հասնել անգամ 180-200կգ։  Նման հիվանդներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ մեջքի վրա պառկել, առանց շարժվելու։ Այդ պատճառով նրանց ստամոքսի մեջ բալոն են տեղադրում՝ 10-30կգ. նիհարեու համար, ինչից հետո արդեն կարելի է կատարել վերը նշված վիրահատություններից մեկը։

Բարիաթրիկ վիրահատություններ կատարվում են 18-60 տարեկան մարդկանց։ 60-ից հետո նույնպես կարելի է վիրահատել, բայց ամեն ինչ շառ անհատական է։ Ինչ վերաբերում է նման վիրահատությունների վտանգներին, ապա ըստ վիրաբույժների՝ յուրաքանչյուր վիրահատության մեջ էլ վտանգ կա։ Հիմնականում հիվանդները ցավեր չեն զգում։ «Վիրահատությունից հետո շատ հազվադեպ ենք  ցավազրկողներ օգտագործվում։  Հիվանդները արդեն երկրորդ օրը դուրս են գրվում։ Ամեն ինչ կատարվում է էնդոկրինոլոգ-դիետելոգի վերահսկողությամբ», - ասել է բժիշկը։

«Եթե բարիաթրիկ վիրահատությունների դեպքում մահացությունների թիվը կազմում է 1%, ապա ճարպակալումից մահանում է աշխարհում մարդկանց մոտ 16-20%», - ասաց նա։

Ցանկալի է, որ մարդիկ բարիաթրիկ վիրահատություններից չվախենան, քանի որ այն կարող է ոչ միայն նպաստել գեղեցիկ կազմվածք ունենալուն, այլեւ երկարացնում է կյանքը», - ասաց նա։

Գինը

Ամբողջ աշխարհում սա բավականին թանկ վիրահատություն է։ Եվրոպական երկրներում թեւքային գաստրոպլաստիկան արժե 15000 եվրո, իսկ ՄԱՆ-ում՝ 20000$։ Հայաստանում այս վիրահատություը կատարվում է 3000-4000$-ով։ Հոսպիտալացումը տեւում է 1-3 օր։

Անի Լիպարիտյան