Ներկայումս «պաս» բառն այնքան էլ համադրելի չէ առողջ սննդակարգի եւ ցանկալի կշռի պահպանման գաղափարների հետ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ երկար ժամանակով ուտելիքից հրաժարման փորձը վնասակար է առողջության, նյութափոխանակության, ցանկալի քաշ պահպանելու եւ ընդհանրապես` առողջ մնալու համար: Ընդհակառակը` համարվում է, որ հավասարակշռված սննդակարգը` օրական վեց անգամ, փոքր չափերով ընդունված սնունդն անհամեմատ ավելի արդյունավետ եւ անվտանգ միջոց է` քաշին հետեւելու համար, գրում է Medical Daily-ն:
Այնուամենայնիվ, ԱՄՆ Յուտա նահանգում գտնվող Intermountain Heart ինստիտուտի գիտաշխատողներն այլ եզրահանգման են եկել: Նրանք համոզված են, որ պասի օգնությամբ կարելի է շաքարախտի դեմ պայքարել: Նախաշաքարախտային կարգավիճակ ունեցող մարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երկարաժամկետ` յուրաքանչյուր անգամ 10-12 ժամ տեւողությամբ պասը կարող է նրանց մոտ խոլեստերինի մակարդակի նվազեցման բերել: Քաղցի ընթացքում օրգանիզմը հեռացնում է LDL խոլեստերինը (որը «վատ խոլեստերին» անունով է հայտնի) ճարպային բջիջներից` որպես էներգիայի միջոց օգտագործելու համար:
«Պասը կարող է շաքարախտի դեմ պայքարի միջոց դառնալ», - արձանագրել է ինստիտուտի սրտանոթային եւ գենետիկ համաճարակաբանության բաժնի եւ հետազոտական խմբի ղեկավար Բենջամին Հորնը` հավելելով, որ վերջին տարիներին իրականացված հետազոտությունների ընթացքում անտեսվել է պասի` շաքարախտային ռիսկի նվազեցման հետ հնարավոր կապը:
Հորնի հետազոտության մասնակիցները արյան մեջ գլյուկոզայի նորմայից բարձր մակարդակ են ունեցել, բայց ոչ բավականաչափ շատ` շաքարախտ առաջացնելու համար: Բացի այդ, նրանց բոլորի մոտ ճարպակալման հետ կապված խնդիրներ, արյան մեջ` տրիգլիցերիդների (ճարպի տեսակ) բարձր մակարդակ, HDL-ի կամ «լավ խոլեստերինի» պակաս եւ արյան բարձր ճնշում է նկատվել: Արդյունքում` վեց շաբաթ տեւողությամբ, ընդիմիջումներով պասից հետո խոլեստերինի մակարդակի` 12 տոկոսով նվազեցում եւ քաշի նշանակալի կորուստ է գրանցվել:
«Եթե փորձենք նույն փորձը առողջ մարդկանց հետ կատարել, միանգամյա, 24 ժամ տեւողությամբ պասն անգամ կարող է խոլեստերինի մակարդակի կտրուկ աճի հանգեցնել: Ուստի հետաքրքիր եւ անսպասելի են այն փոփոխությունները, որոնք նյութափոխանակության եւ շաքարախտի առումով ռիսկային գոտում գտնվող անձանց մոտ են գրացվում: Մեր նախորդ հետազոտությունները եւս այն մասին էին վկայում, որ շարունակական պասը տասնամյակների ընթացքում կարող է նվազեցնել շաքարախտի եւ պսակաձեւ զարկերակների հիվանդությունների հետ կապված ռիսկերը, բայց հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն ամենահզոր միջոցն է` հիշյալ հիվանդությունների դեմ պայքարի համար:
Այնուամենայնիվ, Հորնը շտապել է զգուշացնել, որ չափազանց երկար տեւողությամբ պասը չի կարող հարցի պատասխան դառնալ: Սննդից հրաժարման ժամանակահատվածի ճիշտ ընտրված տեւողությունն ու հաճախականությունը մեծ դերակատարում ունեն կշռի եւ խոլեստերինի մակարդակի նվազեցման գործում: «Դրանք հավելյալ հարցեր են, որոնք ներկայումս մեր կողմից քննության են առնված», - տեղեկացրել է գիտաշխատողը` հավելելով, որ նախքան հետազոտության ավարտը նշված միջոցին դիմելու համար հարկավոր է նախ բժշկի հետ խորհրդակցել, քանի որ ոչ ճիշտ ընտրված եղանակը կարող է հակադարձ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:






