Իսուլտի կանխարգելման եւ բուժման վերաբերյալ NEWS.am Medicine- ի հարցերին պատասխանում է նյարդաբան Հայրապետ Քալաշյանը՝ Կանադայի Ալբերտայի համալսարանի հիվանդանոցից։

Ինսուլտի կանխարգելման եւ բուժման ժամանակակից ինչ մեթոդներ կա՞ն

Ներկա պահին սուր ինսուլտի բուժման ապացուցված երեք միջոցներ են գործում: Առաջինը, որ ինսուլտների բուժումը սուր փուլում պետք է կատարել ինսուլտի բլոկում (Stroke Unit), որն իրենից ներկայացնում է հիվանդանոցում հատուկ առանձնացված մի տարածք, որտեղ միայն սուր ինսուլտով հիվանդներն են: Երկրորդը, հակաթրոմբոցիտային բուժումն է ասպիրինով կամ այս խմբի մեկ այլ դեղամիջոցով: Եվ վերջապես, երրորդը, թրոմբոլիզն է՝ ներերակային ալտեպլազայի միջոցով:  Այլ բուժման եղանակները, ինչպիսիք են, օրինակ, ներզարկերակային թրոմբոլիզը, որը կատարվում է միջամտական եղանակով, թրոմբի մեխանիկական հեռացումը, առայժմ գտնվում են հետազոտությունների փուլում:

Ինսուլտների կանխարգելումն իրականացվում է նորից հատուկ նախատեսված վայրում, որ կոչվում է ինսուլտի կանխարգելման կլինիկա: Կանխարգելումն ունի երկու ուղղություն. ինսուլտի առաջնային կանխարգելում, այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ռիսկի գործոններ եւ ինսուլտի առաջացման բարձր ռիսկի խմբում են գտնվում, բայց դեռ չեն տարել ինսուլտ, եւ, երկրորդային կանխարգելում, այն հիվանդների համար, ովքեր արդեն տարել են ինսուլտ եւ միջոցներ են ձեռնարկվում կրկնակի ինսուլտները հնարավորինս կանխելու համար: Այս թեման բավականին ծավալուն է եթե մանրամասնեմ, փորձեցի հնարավորինս հակիրճ ներկայացնել ընդհանուր մոտեցումները:

2 ժամվա ընթացքում թրոմբոլիզ իրականացնելու դեպքում բարեհաջող ելքը արդյո՞ք հնարավոր է:

Ներերակային թրոմբոլիզով բուժման համար ներկայումս առավելագույն ժամանակը չորս եւ կես ժամն է համարվում՝ ինսուլտի ախտանշանների ի հայտ գալուց սկսած: Սա այն առավելագույն ժամանակն է, որ ինսուլտով հիվանդը կարող է օգուտ ստանալ թրոմբոլիզից: Այստեղ շատ կարեւոր է այն փաստը, որ թրոմբոլիզի արդյունավետությունն ընկնում է զգալի ժամանակի հետ զուգընթաց: Որպեսզի ավելի ակնառու եւ հասկանալի լինի՝ բացատրեմ թվերով: Այսպես, եթե թրոմբոլիզը տրվում է ինսուլտի նշանների սկզբից մինչեւ մեկ ժամը լրանալը, երեք հիվանդից մեկը քայլում է տուն: Երեք ժամում թրոմբոլիզի դեպքում այդ թիվը դառնում է 6-7, իսկ չորսուկես ժամում՝ 14: Ներկայումս, նույնիսկ Կանադայում, ստանդարտ է համարվում՝ այսինքն, կառավարության կողմից հաստատված,  դեռեւս երեք ժամը, չորսուկոս ժամը գործում է հիմնականում համալսարանական կենտրոններում, չնայած որ հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյունավետ է: Ներկայումս հետազոտություննրի փուլում է գտնվում մինչեւ վեց ժամ թրոմբոլիզը կամ մինչեւ 24 ժամ թրոմբոլիզը, վերջինիս դեպքում այլ դեղամիջոց է կիրառվում:

Բացի այդ, ներկա պահին կա ախտորոշիչ մի մեթոդ, որը կարող է ինսուլտի նյարդաբանին հուշել, թե արդյոք դեռ առկա է փրկելու ենթակա ուղեղի հյուսվածք, թե ամբողջությամբ այն կաթվածի է ենթարկվել: Սակայն այդ մեթոդը նույնպես դեռ վերջնական հաստատում կամ բավարար ապացույց դեռ չունի եւ կրկին գործածվում է համալսարանական կենտրոններում:

Հայաստանում վերջերս ինսուլտի կանխարգելման երկու կենտրոն է բացվել՝ Համալսարանական կլինիկակական առաջին հիվանդանոցում եւ «Էրեբունի» ԲԿ-ում։ Ըստ Ձեզ, ի՞նչ սարքավորումներ են անհրաժեշտ եւ ի՞նչ մասնագիտական հմտություններ այդ կենտրոնների գործունեության համար։

Շատ ողջունելի է եւ ոգեւորիչ այդ կենտրոնների ստեղծումը մեր երկրում: Երկուսում էլ դրված խնդրի լուծման համար բոլոր պայմաններն առկա են:

Ինսուլտի բլոկի գործունեության համար, մասնագետների առումով, անհրաժեշտ է ինսուլտի նյարդաբան, առաջին հերթին, ով հատուկ ինսուլտի թրյնինգ անցած նյարդաբանն է: Մյուս ոչ պակաս կարեւորը նորից ինսուլտների սուր բուժման համար հատուկ թրեյնինգ անցած բուժքույրերի խումբն է, ում ուսերին էլ ընկնում է այդ հիվանդների խնամքի հիմնական բեռը: Հաջորդ կարեւոր մասնագետը ռեաբիլիտոլոգն է, կամ վերականգնողական թերապիստը եւ խոսքի ու լեզվի մասնագետը: Որպեսզի այս պատկերն ամբողջանա, շատ կարեւոր է հետհիվանդանոցային ռեաբիլիտացիոն կամ վերականգնողական կենտրոնի առկայությունը: Հետհիվանդանոցային վերականգնման ժամանակ այդ կենտրոնների դերն անհնար է գերագնահատել, թերեւս, դեղորայքից ավելի արդյունավետ են հիվանդի ֆունկցիոնալ վերականգնման առումով:

Ես ինքս Էրեբունու բժիշկ եմ եւ ավելի մանրամասն տեղյակ եմ այնտեղի իրադարձություններին ու նաեւ սերտորեն համագոեւծակցում եմ, եւ գիտեմ, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են եղած պայմաններն հնարավորինս պահանջվածին համապատասխանեցնելու համար: