Օգոստոսի 10 դրությամբ, ինչպես առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնել, Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվածների թիվը 1825-ի էր հասել՝ 60 տոկոս մահացության ցուցանիշով: Այսպիսի արագությամբ ծավալվող հիվանդության ֆոնին շատերին է հուզում այն հարցը, թե ի վերջո որտեղից է այն առաջացել: Հարցի պատասխանը, կարծես թե, այլեւս պարզ է: The New England Journal of Medicine ամսագրում հրապարակված զեկույցի համաձայն, հեմոռագիկ տենդով վարակված «զրոյական հիվանդը» Գվինեայի հարավում գտնվող Գեկեդու քաղաքի երկու տարեկան բնակիչ է եղել, ով դեռեւս 2013թ.-ի դեկտեմբեր ամսին է մահացել:
Եթե փոքրիկը, որի մոտ մահվանից չորս օր առաջ տենդ, փսխում եւ սեւ կղանք է նկատվել, իսկապես համաճարակի տարածման պատճառն է հանդիսանում, ապա այլեւս պարզ է, թե ինչու է Սիերա Լեոնեյի, Գվինեայի եւ Լիբերայի հատման կետում գտնվող տարածաշրջանը մահաբեր վիրուսից ամենաշատ վնասները կրել: NY Daily News պարբերականի հաղորդմամբ, հիվանդությունը երեխայից մորը, տատիկին եւ եռամյա քրոջն է փոխանցվել, որոնք էլ կարճ ժամանակ անց մահացել են: Իսկ ահա տատիկի հուղարկավորության ժամանակ վիրուսը տարածվելու առաջին հնարավորությունն է ձեռք բերել. տանը կազմակերպված արարողության ընթացքում անվտանգության նվազագույն միջոցառումներ անգամ չեն ձեռնարկվել: Խոսքը, մասնավորապես, մահացած մարդու մարմի հետ անմիջական շփմանն է վերաբերում, հաղորդում է Medical Daily-ն:
Այդ օրվանից ի վեր չարաբաստիկ վիրուսը Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներով տարածվելու եւ նույնիսկ երկու ամերիկացիների ու մեկ իսպանացու վարակելու հնարավորություն է ստացել: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Գվինեայի առողջապահության նախարարության հետ համատեղ, համաճարակի բռնկման հենց առաջին պահից ջանքեր չի խնայել՝ տենդ, ծանր փորլուծություն, փսխում, արյունահոսություն եւ, մեծ ի մասամբ, մահվան ելք հրահրող վիրուսը սկզբնաղբյուրը պարզելու համար: Արյան հետազոտությունների արդյունքների եւ հիվանդանոցներում առկա փաստաթղթերի ուսումնասիրության եւ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում նրանց ի վերջո հաջողվել է «զրոյական հիվանդի» ինքնությունը հաստատել:
«Մենք ենթադրում ենք, որ փոքրիկը վարակակիր չղջիկի հետ է անմիջական շփում ունեցել», - նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ դոկտոր Սիլվիան Բեյզը:
Չի բացառվում, որ չղջիկի հետ «շփումը» կենդանու մսով կերակրման արդյունքում է տեղի ունեցել: Աֆրիկայում հաճախ են վայրի կենդանիներ որսում՝ այս կամ այն ուտեստը պատրաստելու նպատակով, ինչն, ամենայն հավանականություն, պատշաճ եղանակով չի իրականացվել: Այնուհետեւ, մարդուց մարդու անցնելու համար, օրգանիզմից արտանետվող հեղուկ զանգվածների հետ անմիջական շփում է հարկավոր: Խոսքը, մասնավորապես, թքի, արյան, կղանքի եւ մեզի մասին է: Կարճ ժամանակ անց վարակակիր մարդու մոտ «Էբոլա հեմոռագիկ տենդ» անունը ստացած հիվանդության առաջին ախտանշաններն են ի հայտ գալիս, քանի որ վիրուսը սկսում է իմունային համակարգի T բջիջների ուղղությամբ հարձակում գործել: Այն հիվանդներին, որոնց, դժբախտաբար, չի հաջողվում հիվանդության զարգացման վերջին՝ մահացու փուլից՝ «ցիտոկինի փոթորկից» խուսափել, ներքին եւ արտաքին արյունահոսություն է սպառնում, երբ բոլոր օրգանները ոչնչացվում են, իսկ արյունատար անոթները՝ պայթում:
Էբոլայի դեմ որեւէ բուժամիջոց դեռեւս չի մշակվել, թեեւ փորձարարական փուլում գտնվող դեղամիջոցներից մեկը խոստումնալից արդյունքներ է գրանցել: Խոսքը, մասնավորապես, երկու ամերիկացի միսիոներների մասին է, որոնք ներկայումս Միացյալ Նահանգներ են տեղափոխվել եւ ապաքինման նշաններ են ցույց տալիս: Այդուհանդերձ, հիշյալ դեղամիջոցի արդյունավետության հաստատման պարագայում էլ ամիսներ կպահանջվի՝ համաճարակը վերահսկողության տակ առնելու համար: «Իրավիճակը բարդացնում է հատկապես այն հանգամանքը, որ թույլ առողջապահական համակարգ ունեցող երկրների հետ գործ ունենք: Բացի այդ, խոսքն այնպիսի տարածաշրջանի մասին է, որտեղ վարակների կանխարգելմանը եւ վերահսկմանը միտված միջոցառումները առկա չեն թե ընտանիքներում, թե համայնքներում», - նշել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենի՝ առողջապահական անվտանգության գծով տեղակալ դոկտոր Կեյջի Կուկուդան:






