Կրծքագեղձի քաղցկեղը կանանց ամենատարածված եւ ամենամահացու հիվանդություններից մեկն է, այդ իսկ պատճառով, դրա կանխարգելումը եւ վաղ ախտորոշումն այդքան կարեւոր են: Այն մասին, թե ինչպես է կարելի կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը, պատմել են Հայ-Ամերիկյան մշակութային միության նախագահ, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանը, եւ նույն կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ինքնազննում
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ ցանկացած կին պետք է սովորի ժամանակ առ ժամանակ՝ գոնե ամիսը մեկ անգամ կրծքագեղձերի ինքնազննում կատարել: Նույնը արդիական է նաեւ երիտասարդ աղջիկների համար, ոքվեր արդեն կրծքագեղձեր ունեն: Մամոլոգը կարող է սովորեցնել, թե ինչպես են ինքնազննում կատարում:
Ուլտրաձայնային հետազոտություն
40 տարեկանից հետո բոլոր կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտության գնալ, նույնիսկ եթե նրանք չունեն ցավեր կամ այլ անհանգստացնող բաներ:
Ապրելակերպ
Առողջ ապրելակերպը նույնպես կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Խաչանուշ Հակոբյանը օնկոլոգների հետ միաձայն խորհուրդ է տալիս ամբողջովին բացառել ծխախոտը, զգույշ լինել ալկոհոլի հետ, սպորտով զբաղվել, կանոնավոր սեռական կյանքով ապրել, ժամանակին ծննդաբերել (առաջին երեխային ցանկալի է ունենալ 35-ից ոչ ուշ) եւ կրծքով կերակրել:
Սնունդ
Ճիշտ սնվելը նույնպես շատ կարեւոր է. պետք է անպայման ներառել սննդակարգում լոլիկ, կարմիր խաղող, սխտոր եւ սոխ: Շատերը սխտորից եւ սոխից հասկանալի պատճառներով խուսափում են, սակայն դրանք շատ օգտակար են օրգանիզմի համար, պնդում է Խաչանուշ Հակոբյանը:
Սթրեսներ
Շատ մասնագետներ համոզված են, որ սթրեսները շատ լուրջ քաղցկեղածին գործոն են: Ռիտա Պալյանի խոսքով՝ եթե մարդը հաճախ է սթրեսների ենթարկվում եւ ամեն ինչ իր մեջ է պահում, չի արտահայտվում, նրա մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունը ավելի բարձր է: Այդ իսկ պատճառով նա խորհուրդ է տալիս ավելի խելամտորեն կառավարել սթրեսները եւ միշտ կիսվել, խոսել հարազատների հետ:






