Վերջերս տեղի ունեցավ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմով երկրորդ նիստը, որի ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների և բժշկական խորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին կառույցի նոր ռազմավարական ուղղությունները և աջակցության շրջանակը։
Ստորև ներկայացնում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժման և կառավարման ուղղությամբ հիմնադրամը շուրջ երկու տարի տրամադրել է և շարունակելու է տրամադրել աջակցություն.
- Չարորակ նորագոյացությունների և լեյկոզների բուժում արտասահմանյան լավագույն կլինիկաներում, եթե տվյալ բուժումը Հայաստանում անհասանելի է,
- Բրոնխիալ ասթմայի կառավարման համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
- Իմունային համակարգի խանգարումներ ունեցող երեխաների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
- Թոքային ծանր հիվանդությունների բուժման համար դեղորայքի տրամադրում և հետազոտությունների ֆինանսավորում,
- Լյարդային և խրոնիկ երիկամային անբավարարություններ ունեցող երեխաների լյարդի և երիկամի փոխպատվաստումների ֆինանսավորում:
Համապատասխան վերլուծության արդյունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է աջակցության շրջանակի մեջ ներառել նաև ներքոնշյալ հիվանդությունները, որոնց ուղղությամբ հիմնադրամը մինչ այսօր ցուցաբերել է միայն որոշակի դրվագային աջակցություն.
- Նյարդաբանական ծանր խնդիրներ՝ էնցեֆալիտներ (աուտոիմուն), որոնք իմուն միջնորդավորված, նյարդաբորբոքային հիվանդությունների բազմաքանակ խումբ է, որի ժամանակ հակամարմիններ են արտադրվում գլխուղեղի տարբեր հատվածներում։
- Վիսցերալ լեշմանյոզ` մարդու և կենդանիների ծանր հիվանդություն է, որը փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով, իսկ վարակի աղբյուր հանդիսանում են շները և շնազգի կենդանիները։ Երեխաների վիճակը պարբերաբար վատանում է և յուրահատուկ բուժման բացակայության դեպքում մահացությունը 100 տոկոս է։
- Ապլաստիկ սակավարյունություն՝ արյունաստեղծ համակարգի ծանր հիվանդություն, որը կարող է լինել ձեռքբերովի և բնածին:
- Իմուն թրոմբոցիտոպենիա (ITP)` հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի մոտ առաջանում են հակամարմիններ թրոմբոցիտների գլիկոպրոտեինների հանդեպ, ինչը բերում է թրոմբոցիտների քայքայմանը և կարող է արյունահոսության պատճառ դառնալ։
Բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը կկազմի տարեկան շուրջ 1800 երեխա։
Նիստի ընթացքում որոշվեց նաև, որ հիմնադրամը շարունակելու է վերոնշյալ ռազմավարական ուղղությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա դնելու իր ջանքերը և պետության հետ ակտիվ համագործակցությունը, որպեսզի վերջինս իր վրա վերցնի ծանր հիվանդությունների հետ բախված երեխաների բժշկական ծախսերը։ Ինչպես նաև հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնելու և բավարար ջանքեր գործադրելու հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրագործմանը։ Նշենք, որ հիմնադրամն իր գործունեության երկու տարիների ընթացքում ստացել է շուրջ
51.000 նվիրատվություն, տրամադրել շուրջ 630.000.000 դրամի աջակցություն՝ օգնելով շուրջ 2225 երեխայի անցնել տարբեր տեսակի հետազոտություններ, ստանալ տասնյակ հազարավոր դոլարների բուժում արտերկրում, ինչպես նաև թանկարժեք և անհասանելի դեղորայք։ Հիմանադրամը նաև նորագույն սերնդի 6 բուժսարքավորում է նվիրաբերել շահառու հիվանդանոցների ու ֆինանսավորել 8 բուժաշխատողների մասնակցությունը միջազգային վերապատրաստումների:
2023 թ-ի հունիսի 1-ին պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հիմնադրամի աջակցությամբ բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան», որի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը։
Հիմնադրամին աջակցելու համար այցելեք www.hfc.am կայք, իսկ հիմնադրամի հետ կապված ընթացիկ նորություններին տեղեկանալու համար հետևեք հիմնադրամի ֆեյսբուքյան էջին։






