Երեւանում այսօր մեկնարկել է «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է այն մասին, որ նման գիտաժողով Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցկացվում. առաջինը 2011 թվականին է եղել:
Գիտաժողովի շրջանակներում Հայաստան է հրավիրված 12 դասախոս Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Ներկա են լինելու նաեւ բազմաթիվ մասնագետներ, որոնք զբաղվում են հեմոտոլոգիայով, օնկոլոգիական հեմոտոլոգիայով, փոխպատվաստումների խնդիրներով, տիպավորմամբ եւ հակամարմինների որոշմամբ:
Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, գիտաժողովի շրջանակում կլինեն մի շարք հետաքրքիր եւ կարեւոր դասախոսություններ եւ զեկույցներ իմունոգենետիկայի, ցողունային բջիջների փոխպատվաստման, պորտալարային արյան պահպանման եւ փոխպատվաստման եւ մի շարք այլ թեմաների հուրջ:
«Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» տարածաշրջանային երկրորդ գիտաժողովը, Սեւակ Ավագյանի կարծիքով, նպաստելու է տրանսպլանտալոգիայի զարգացմանը Հայաստանում, իսկ Եվրոպային հնարավորություն է տալու Հայաստանը դիտարկել որպես կամուրջ դեպի միջին եւ հեռավոր Արեւելք:
Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստանալու են EACCME (European Accreditation Council for Continuing Medical Education Institution of the UEMS) կողմից հաստատված հավաստագրեր:






