Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Երեւանում «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային երկրորդ գիտաժողովի երկրորդ՝ գիտական մասն է մեկնարկել: Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Իմունոգենետիկայի եվրոպական Ֆեդերացիայի (EFI) նախագահ Գոթֆրիդ Ֆիշերը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանը Սուրեշ Բաբուն:

Հիշեցնենք, որ միջոցառումը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ է իրականացվում: Նմանատիպ խոշոր գիտաժողով Հայաստանում նաեւ 2011 թ.-ին է կազմակերպվել:

Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) նախագահ Գոթֆրիդ Ֆիշերը լրագրողների հետ զրույցի ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» կարեւորությունն է ընդգծել, քանի որ հայերը ինքնատիպ գենոտիպ ունեցող ազգ են, եւ հայ հիվանդների՝ հենց Հայաստանում դոնոր գտնելու հավանականությւոնը բավական բարձր է: Հայաստանյան ռեեստրը, Գոթֆրիդ Ֆիշերի կարծիքով, ազգային ռեեստրի հիանալի օրինակ է հանդիսանում:

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ոսկրածուծի տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար Նինա Կապուրը (ԱՄՆ) եւս ոսկրածուծի ցեղունային բջիջների ռեեստրների դերն է կարեւորել՝ ժամանակակից բժշկության մեջ, քանի որ հենց դրանց օգնությամբ են քաղցկեղային կամ այլ մահացու վտանգավոր հիվանդություններով տառապող մարդիկ ոսկրածուծի ցողունային բջիջների դոնոր գտնելու եւ ապաքինվելու հնարավորություն ձեռք բերում:  Նինա Կապուրը նաեւ հիշեցրել է, որ ընտանիքի անդամների շրջանում դոնոր գտնելու հավանականությունը 30 տոկոսից էլ ցածր է, այդ իսկ պատճառով բազմաթիվ դեպքերում այլ՝ նույնազգի կամ այլազգի մարդկանց շրջանում որոնումներ ձեռնարկելու անհրաժեշտություն կարող է առաջանալ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ իմունոգենետիկան ակնառու հաջողությունների է հասել Հայաստանում, եւ այդ հաջողություններն են հիմք դարձել՝ այսօր եվրոպական եւ տարածաշրջանային մասնագետներին երկրում հավաքելու եւ գիտաժողով կազմակերպելու համար, որի ընթացքում ոլորտի հաջողություններն ու խնդիրներն են քննարկվելու: Հայաստանը ոլորտում արդեն մեծ ճանապարհ է անցել. շուրջ 15 տարի է, ինչ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» է գործում՝ բազմաթիվ հիվանդների համար:

Արմեն Մուրադյանը հիշեցրել է լրագրողներին, որ այժմ էլ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն է կառուցվում՝ Արյունաբանական կենտրոնում եւ հույս հայտնել, որ այն նույնիսկ ժամկետից շուտ՝ մինչեւ 2016 թվականը պատրաստ կլինի: