Վերջին ամիսներին Հայաստանում ակնաբուժության ոլորտում շատ բան է փոխվել. բացվել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, եւ հայ բժիշկները սկսել են, ԱՄՆ-ն եւ Եվրոպան ներկայացնող լավագույն մասնագետների օգնությամբ, մի շարք բարդ, այդ թվում՝  վաղաժամկետ ծնված երեխայի մոտ կուրացման սպառնալիք ներկայացնող անհասների ռետինոպաթիայի վերացմանը միտված վիրահատություններ իրականացնել: 

NEWS.am Medicine-ի՝ հայկական ակնաբուժությանը վերաբերող հարցերի շուրջ զրուցակիը աչքի վիրաբույժ Սուի Չեն Վոնգն է (Լոնդոն), ով ընդամենը մի քանի ամիս առաջ ինքն էր անհասների ռետինոպաթիայով տառապող հայ փոքրիկներին վիրահատում, իսկ շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել՝ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի բացմանը մասնակցելու նպատակով:

Բժիշկ Սուի Չեն Վոնգի կարծիքով՝ հայաստանցի ակնաբույժները շատ նվիրված են իրենց աշխատանքին, իսկ ամենակարեւորն այն է, որ նրանք միշտ պատրաստ են սովորել եւ բաց են նոր գաղափարներ ընկալելու եւ համագործակցության նոր հնարավորությունների համար: Հայ բժիշկներին հատուկ այս գծերը, Սուի Չեն Վոնգի կարծիքով, կարող են օգնել նրանց մեծ հաջողությունների հասնել:

Մասնագետը համոզված է, որ նորաբաց Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում ամեն ինչ հիանալի կլինի, եւ շատ շուտով այն կդառնա լավագույն կենտրոններից մեկը՝ ողջ տարածաշրջանում:

Նախորդ ամիսներին վիրահատված հիվանդներից ոմանց բժիշկ Սուի Չեն Վոնգն այս այցի ընթացքում այցելել է, սակայն, նրա կարծիքով, շատ կարեւոր է, որ այդ պացիենտների համար հոգ տանեն հայաստանցի մասնագետները՝ այդ փորձը նրանց շատ օգտակար կլինի:

«Իսկ խնդիրների առկայության դեպքում կամ երկրորդ կարծիք լսելու համար նրանք միշտ կարող են դիմել մեզ», - ասել է Սուի Չեն Վոնգը: