ԱՄՆ-ում Chimerix դեղագործական ընկերության կողմից թողարկված պատվաստանյութերից մեկի՝ որպես Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ հակավիրուսային դեղամիջոց կիրառման թույլտվություն է տրվել: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության համաձայն, սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ազգային վարչության համաձայնությամբ, Brincidofovir անունը ստացած պատվաստանյութը Հյուսիսային Կարոլինա նահանգից է առաքվելու, որտեղ դեղագործական ընկերության կենտրոնակայանն է գտնվում:

Փորձարարական դեղամիջոցը Դալասի (Տեխասի նահանգ) բուժհաստատություններից մեկի խնամքին հանձնված ամերիկացուն է նշանակվել, ով երկրի տարածքում Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված առաջին հիվանդն է հանդիսանում: Dallas News պարբերականի հաղորդմամբ, ներկայումս Էրիկ Դունկանը ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում է գտնվում:

Chimerix-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դեղամիջոցն ի սկզբանե ծաղիկ հիվանդության եւ ադենովիրուսների բուժման համար է նախատեսված: Հատուկ Էբոլա տենդի դեմ պայքարի համար մշակված երկու փորձարարական դեղամիջոցները սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչության հավանությանը չեն արժանացել:

Հիշեցնենք, որ Էբոլա հեմոռագիկ տենդով՝ Աֆրիկայում գրանցված վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հոկտեմբերի 3-ին տրամադրված տվյալների համաձայն, 7470-ի է հասել, որոնցից 3431-ը՝ մահվան ելքով: