Իսպանացի բուժքույրը, ամենայն հավանականությամբ, մահացող հիվանդի խնամքն իրականացնելիս՝ ձեռնոցով դեմքին դիպչելու արդյունքում է Էբոլայով վարակվել, տեղեկացնում է BBC-ն:
El Pais պարբերականին տված հեռախոսային հարցազրույցի ընթացքում կինը պատմել է, որ Գարսիա Վիեխոյի հիվանդասենյակը կարգի բերելուց անմիջապես հետո կոպիտ սխալ է թույլ տվել՝ պաշտպանիչ հագուստը հանել է վրայից. Այդ ընթացքում կեղտոտ ձեռնոցը կարող էր դեմքին հպվել եւ մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման պատճառ դառնալ:
Ներկայումս իսպանուհին այնքան էլ վատ չի զգում իրեն, ջերմությունը նորմալ է:
Թերեզա Ռոմերոն Աֆրիկայի սահմաններից դուրս Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված առաջին մարդն է համարվում: Իսպանիայում նա երկու՝ ի վերջո մահացած հիվանդների խնամքով է զբաղվել: Ներկայումս բուժքույրը, ամուսնու եւ երեք այլ անձանց հետ միասին, կարանտինում է գտնվում:
ԱՀԿ-ից ստացված վերջին տվյալների համաձայն, հեմոռագիկ տենդի զոհերի թիվը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում 3879-ի է հասել, վարակվածներինը՝ 8033-ի:






