Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում Էբոլա մահացու վտանգավոր վիրուսով վարակման հետեւանքով մահացածների թվի վերաբերյալ տվյալների վերանայմամբ է հանդես եկել: Համաձայն նոր տվյալների, մահվան ելքով դեպքերի թիվը մինչեւ 4818 է նվազել:
Reuters գործակալության վկայակոչմամբ, լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերջին վերանայման հետեւանքով Սիերա-Լեոնեում Էբոլայից մահացածների թիվը կրճատվել է 440-ով, իսկ Լիբերիայում, ընդհակառակը, աճել 284-ով:
Համաշխարհային կազմակերպության տվյալներով, նոյեմբերի 2-ի դրությամբ մահացածների ընդհանուր թիվը 4818 է կազմում, վարակվածներինը՝ 13042: Սակայն, քանի որ տեղացիները տենդով վարակման եւ դրա արդյունքում մահացության ոչ բոլոր դեպքերի մասին են տեղեկություններ հաղորդում, վարակվածների եւ մահացածների իրական թիվը, ԱՀԿ-ն ներկայացնող փորձագետների ընդգծմամբ, կարող է նշանակալիորեն բարձր լինել: Ավելի վաղ 4951 մահացածների մասին էր հաղորդվում:






