Ըստ ֆինն գիտնականների նոր հետազոտության, որը հրապարակվել է «The New England Journal of Medicine» ամսագրում, ծնկան հոդի օստեոարթրոզի դեպքում արվող ամենատարածված վիրահատություններից մեկը կարող է օգուտ տալու փոխարեն ավելի շատ վնասել։ Խոսքը վնասված մենիսկի մասնակի հեռացման մասին է. տվյալները ցույց են տվել, որ այս միջամտությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է վատթարացնել ծնկի վիճակը։

Գիտնականները 10 տարի շարունակ հետևել են պացիենտներին և պարզել, որ մենիսկի մասնակի հեռացման վիրահատություն տարած մարդիկ ավելի հաճախ են ցավեր ունեցել, ավելի վատ են շարժել ծնկան հոդը և բախվել են օստեոարթրոզի ավելի արագ խորացմանը, քան այն պացիենտները, ում կեղծ վիրահատություն են արել:

Մենիսկը ծնկան հոդում գտնվող C-աձև աճառ է, որն ամորտիզացիոն ֆունկցիա է կատարում ազդրոսկրի և ոլոքի միջև։ Դրա վնասվածքները կարող են առաջանալ վնասվածքների հետևանքով, սակայն տարիքի հետ մենիսկի պատռվածքները դառնում են շատ տարածված երևույթ և հաճախ ուղեկցում են օստեоարթրոզին:

Երկար ժամանակ համարվում էր, որ հենց մենիսկի պատռվածքն է ծնկի ցավի գլխավոր պատճառը։ Այսօր, սակայն, գիտնականները կարծում են, որ նման վնասվածքները կարող են լինել հոդի ընդհանուր մաշվածության նշաններից միայն մեկը, այլ ոչ թե ցավային համախտանիշի հիմնական պատճառը։

Հելսինկիի համալսարանի հետազոտական խմբի ղեկավար Տեպպո Լ․ Ն․ Յարվինենը նշել է, որ բժշկությունը, հնարավոր է, երկար ժամանակ կենտրոնացել է սխալ խնդրի վրա։ Նրա խոսքով՝ միջին և ավագ տարիքի շատ մարդկանց մոտ մենիսկի պատռվածքներ կան, որոնք որևէ ախտանիշով չեն արտահայտվում։ Սա կասկածի տակ է դնում բուն վնասվածքի և քրոնիկական ցավի միջև կապը։

Օրթոպեդների կարծիքով՝ այս հետազոտության արդյունքները վեր են հանում ժամանակակից բժշկության ավելի լայն խնդիրներից մեկը, երբ բուժման հանրաճանաչ մեթոդները շարունակում են ակտիվորեն կիրառվել այնքան ժամանակ, քանի դեռ խոշոր հետազոտությունները ցույց չեն տվել դրանց ցածր արդյունավետությունը կամ հնարավոր վնասը։

Որպես այլընտրանք՝ մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին դիմել բուժման կոնսերվատիվ (ոչ վիրահատական) մեթոդներին՝ ֆիզիոթերապիա, հակաբորբոքային դեղամիջոցներ, հանգիստ, սառը կոմպրեսներ, հեծանիվ քշել և ներհոդային ներարկումներ (օրինակ՝ կորտիզոն, հիալուրոնաթթու կամ PRP թերապիա):

Այդուհանդերձ, վիրաբույժները փաստում են, որ մենիսկի վիրահատությունը որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ մնալ։ Օրինակ՝ երբ վնասված աճառը տեղաշարժվել է և հոդում մեխանիկական խնդիրներ է առաջացնում: Իսկ ծանր օստեոարթրոզի դեպքում երբեմն ավելի խելամիտ լուծում է դառնում ծնկան հոդի ամբողջական փոխարինումը:

Հետազոտության հեղինակներն ուշադրություն են հրավիրել նաև այն փաստի վրա, որ «պլացեբո-վիրահատության» (կեղծ վիրահատության) խմբի պացիենտներին արվել է ախտորոշիչ արթրոսկոպիա՝ հոդի հեղուկային լվացմամբ։ Որոշ մասնագետներ ենթադրում են, որ հենց այս միջամտությունը կարող էր մասնակիորեն մեղմել բորբոքումն ու ցավը, ուստի «կեղծ» վիրահատությունը չի կարելի լիովին չեզոք համարել։