Սանկտ Պետերբուրգի գրիպի գիտահետազոտական ինստիտուտում Էբոլա տենդի դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել: Ինչպես հաղորդել է ինստիտուտի տնօրեն Օլեգ Կիսելեւը, պատվաստանյութն այժմ փորձարկում է անցնում Աֆրիկայում:

«Մեր ինստիտուտի երիտասարդ գիտնականների խմբի կողմից ստեղծված Էբոլայի դեմ ընտրված պատվաստանյութը փորձարկվում է գենետիկ կայունությունը պարզելու համար»,-ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Պատվաստանյութը պետք է նախակլինիկական փորձարկում անցնի կենդանիների վրա պաշտպանության նախարարության վիրուսաբանական կենտրոնում: Իսկ կլինիկական փորձարկումները կիրականացվեն արդեն Աֆրիկայում, որոնց կմասնակցեն կամավորները: Ակնկալվում է փորձարկումների բոլոր փուլերն ավարտել 2015 փետրվարին:

Էբոլայի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը կատարվել է Պետերբուրգի գիտահետազոտական ինստիտուտում դեռեւս ընթացիկ տարվա օգոստոսից: Աշխատանքն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահոսկողությամբ եւ ՌԴ առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ:

Ինստիտուտը մշակել է նաեւ ազդեցության լայն շրջանակի հակավիրուսային միջոց՝ տրիազավերին, որը ենթադրվում է օգտագործել տենդով վարակվածների բուժման համար: Դեղամիջոցն այս պահին փորձարկում է անցնում Ռուսաստանի ՊՆ-ի վիրուսաբանական կենտրոնում: