Էբոլա տենդի հիվանդության մակարդակը նվազում է, եւ, հնարավոր է, մոտ ժամանակներում համաճարակը հսկողության տակ առնվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Թոմ Ֆրայդենը (Tom Frieden):

«Ես համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել (Էբոլա տենդի) վարակման դեպքերի զրոյացմանը, եթե շարունակենք շարժվել նույն ուղղությամբ, եւ ոչ մի անսպասելի բան տեղի չունենա», - ասել է Ֆրայդենը:

Նրա խոսքով, չնայած հիմա տենդի տարածման մակարդակը նվազել է, հիվանդության նոր բռնկումը բացառված չէ, ուստի մասնագետները պարտավոր են շատ զգույշ լինել եւ «հասնել զրոյի», այսինքն՝ այնպես անել, որ վարակման ոչ մի նոր դեպ այլեւս չգրանցվի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հունվարի 12-ի տվյալներով երեք առավել խոցելի երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում ավելի քան 21 հազար մարդ է վարակվել Էբոլա տենդով, որոնցից 10 հազարը՝ Սիերա Լեոնեում: Մահացու վիրուսից մահացել է 8371 մարդ, որոնցից ավելի քան 3,5 հազարը՝ Լիբերիայում:

Տվյալ պահին Լիբերիան եւ Սիերա Լեոնեն գրեթե հաղթահարել են մահացու վիրուսի տարածումը, իսկ Գվինեան միակ երկիրն է, որը բժիշկներին լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: