Հնդկաստանի մայրաքաղաքում մի տղամարդ է մահացել, ով Էբոլա տենդի նման ախտանշաններ է ունեցել: Միայն հաջորդ շաբաթ պարզ կդառանա, թե ինչ հիվանդությունից է նա մահացել:

Տղամարդուն Ջոդպուրում գտնվող մասնավոր կլինիկայից երեքշաբթի երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտ (AIIMS): Վերջինս ջերմություն, փսխում, ապակողմնորոշում եւ քաշի մեծ կորուստ է ունեցել: Բոլոր այդ նշանները հանդիպում են նաեւ Էբոալ տենդի դեպքում:

«Դեռ վաղ է պնդել, որ նա Էբոլա տենդով է հիվանդ եղել: Դրա հավանականությունը շատ քիչ է: Բայց նա իսկապես հիվանդ էր վիրուսային հեմոռագիկ տենդի ինչ-որ տեսակով: Նա մահացել է ներքին արյունահոսությունից չորեքշաբթի առավոտյան», - լրագրողներին պատմել է AIIMS-ի ներկայացուցիչը:

Մահացած մարդու անալիզների նմուշները հետազոտության են ուղարկվել Կենսաբանության ազգային ինստիտուտ եւ Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ, սակայն արդյունքները միայն հաջորդ շաբաթ հայտնի կլինեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի մահացու վիրուսից մահացածների թիվը Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում գրեթե 8500 մարդ է կազմել: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ մահացածների մեծ մասը բաժին է ընկնում Լիբերիային՝ 3500 մարդ, մինչդեռ Սիերա Լեոնեում գրանցվել է մահացու վիրուսով վարակվածների ամենամեծ քանակը՝ մոտ 10 200 մարդ: