Գրիպի որորշ վիրուսներ այնքան կենսունակ են, որ մինչեւ 30 րոպե  կարող են  մնալ մատների ծայրերին, ինչը լիովին բավական է ինքդ քեզ եւ շրջապատին վարակելու համար, ասվում է  Clinical Microbiology and Infection ամսագրի հունվարյան համարում հրապարակված հոդվածում:

Գրիպը մարդուց մարդուն է փոխանցվում հիմնականում վիրուսի մանրագույն մասնիկների ներշնչման միջոցով, երբ վարակված մարդը հազում է կամ փռշտում: Ուղիղ շփումը կեղտոտված մատների հետ վարակի փոխանցման հայտնի եղանակներից է: Հետազոտողները փորձել են պարզել, արդյոք վիրուսի տիպը կամ չափը ազդում է նրա կենսունակության վրա:

Ժնեւում իրականացված հետազոտությունում ուսումնասիրվել են երկու տիպի վիրուսներ՝ H3N2 եւ H1N1-ը, որը 2009 թվականին առաջացրել է գլոբալ պանդեմիա:

Հավաքագրվել են լաբորատոր վիրուսների հետ աշխատանքի փորձ ունեցող վեց կամավոր:  Առանձին հետազոտությունների ժամանակ H3N2 եւ H1N1 կաթիլները, խառնված շնչառական վարակներով հիվանդների քթային արտադրուկի  հետ, քսվել են կամավորների երեք մատների վրա: Մասնակիցների մատները սենյակային ջերմաստիճանի պայմաններում եղել են ստերիլ վիճակում  մինչեւ տարբեր ժամանակահատվածներում  վիրուսի մասնիկների առկայության թեստավորման իրականացումը, տեղեկացնում է Fox News-ը։

Գրիպի երկու վիրուսներն էլ  վիրուլենտ են եղել մեկ րոպեի ընթացքում  բոլոր մասնակիցների 18 մատների վրա: Երեք րոպե անց H3N2-ը վիրուլենտ է եղել վեց մատների վրա, այն ժամանակ, երբ H1N1-ը  շարունակել է վիրուլենտ մնալ  15  րոպե: Հինգ րոպե անց  H3N2 եւ H1N1-ը վարակիչ են եղել  համապատասխանաբար հինգ եւ  ութ մատների վրա: 15 րոպե անց H1N1-ը վարակիչ է մնացել  հինգ մատների վրա, ի տարբերություն  չորս մատների, որոնք վարակված են եղել H3N2 վիրուսով: 30 րոպե անց վարակված մատների թիվը յուրաքանչյուր վիրուսի համար ընկել է մինչեւ երկուսը: