Ամերիկացի գիտնականները քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի նոր մեթոդ են մշակել: Ջորջիա նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների խումբը մշակել է նանոմանրաթելերի հատուկ բարակ տեսակ, որոնք դեպի իրենց են ձգում քաղցկեղային բջիջները:

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ուղեղի քաղցկեղային ուռուցքները փոքրանում են, երբ քաղցկեղային բջիջները սկսում են տեղաշարժվել դեպի այդ մանրաթելերը:

Հետազոտության առարկան եղել են ուղեղի քաղցկեղի դժվար բուժվող տեսակները՝ գլիոբլասթոմաները, որոնք ուղեղում տարածվելու միտում ունեն:

Քաղցկեղային բջիջները ուղեղում տարածվելու ընթացքում տեղաշարժվում են նյարդաթելերով եւ արյան անոթներով: Nature Materials ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նկարագրված նանոմանրաթելերը  նմանակում են քաղցկեղային բջիջների տարածման այդպիսի ուղիները:

«Քաղցկեղային բջիջները սովորաբար դրանց ամրանում են բնական կառուցվածքով եւ դրանցով ինչպես մոնոռելսով տեղաշարժվում են ուղեղի այլ հատվածներ,- պատմել է այդ հետազոտության մասնակիցներից մեկը՝ պրոֆեսոր Ռավի Բելլամկոնդան:- Մենք ներմուծում ենք այլընտրանքային ուղիներ արհեստական մանրաթելերի տեսքով եւ այդպիսով դրանք ցանկալի հատված ուղղորդելու հնարավորություն ենք ստանում»:

Կենդանիների վրա կատարված հետազոտությունների արդյունքներով՝ քաղցկեղային բջիջները կարող են հանվել ուղեղից եւ ուղղորդվել հատուկ փոխպատվաստված թունավոր նյութերով պարկուճի մեջ: Կենդանիների մոտ, որոնց օրգանիզմ են ներմուծվել նանոմանրաթելերը, ուռուցքի չափը փոքրացել է 93%-ով՝ համեմատած առնետների խմբի հետ, որոնց օրգանիզմում քաղցկեղն ազատորեն զարգացել է:

Սակայն հետազոտություններն առայժմ ամենավաղ փուլում են, եւ դեռ շատ ժամանակ կանցնի, մինչեւ դրանք լաբորատոր կենդանիներից անցնեն մարդուն: