Շների ուղեղի լսողական կենտրոնում առանձին հատված կա, որը զբաղվում է «ձայնի» հնչյունների մշակումով, ինչը նրանց նմանեցնում է մարդուն: Այսպիսի եզրակացության են եկել հունգարացի նյարդակենսաբանները:

«Շները եւ մարդիկ ապրում են բավական նման սոցիալական մթնոլորտում: Մեր բացահայտումը ցույց է տալիս, որ մենք կարող ենք ուղեղի նման մեխանիզմներն օգտագործել սոցիալական տեղեկության մշակման նպատակով: Դա կարող է բացատրել այն, թե ինչու մենք այդքան լավ հարաբերություններ ունենք շների հետ եւ կարողանում ենք նրանց հետ շփվել հույզերի ու ձայնի միջոցով»,- ասում է Աթթիլա Անդիքսը՝ Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանից:

Անդիքսն ու նրա գործընկերները հետեւել են 11 շների ուղեղի ակտիվությանը, որոնց սովորեցրել են փորձի ընթացքում անշարժ պառկել ՄՌՏ սքաների մեջ: Փորձի ժամանակ շներն ու մարդիկ լսել են մարդու կամ շան ավելի քան 200 ձայների ձայնագրություն: Դրանցից յուրաքանչյուրն հուզական գունավորում է ունեցել՝ հայտնելով ցավի, ուրախության եւ այլ զգացումների մասին, գրում է Fox News-ը՝ հղում անելով Current Biology ամսագրում հրապարակված հոդվածին:

Պարզվել է, որ շների ուղեղում կա հատուկ հատված, որը պատասխանատու է բացառապես ցեղակիցների ձայները ճանաչելու համար, եւ որ հետաքրքիր է՝ մարդու: Բացի դրանից՝ նրա մեջ կան հատվածներ, որոնք արձագանքում են առանձին հույզերի:

Չնայած «խոսքի կենտրոնի» կառուցվածքի եւ աշխատանքի ակնհայտ նմանությանը՝ դրա գործառույթների մի մասը, այնուամենայնիվ, շների եւ մարդկանց դեպքում տարբեր է: Ամեն դեպքում, այդպիսի կենտրոնի գոյությունը կարող է բացատրել, թե ինչու է շունն այդքան կապվում տիրոջ հետ եւ կարողանում նրան ապրումակցել, եզրափակում են հոդվածի հեղինակները: