Օմեգա-3 ճարպային թթուները շատ կարեւոր են ուղեղի առողջ զարգացման համար, կարծում են կապիկների վրա կատարված նոր հետազոտության հեղինակները:
Այն կապիկների ուղեղային որոշ կապերը, որոնց կերակրել են օմեգա-3-ով հարուստ սննդով, ավելի ուժեղ են եղել, քան մյուսներինը: Հետազոտողների տվյալներով՝ այդ ուղեղային կապերը նման են մարդկանց ուղեղային կապերին, ներառյալ՝ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածողության եւ ուշադրության համար:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ այս բացահայտումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ օմեգա-3 ճարպային թթուները շատ կարեւոր են ուղեղի առողջ զարգացման համար:
Սակայն մասնագետները նշում են, որ կենդանիների վրա կատարված հետազոտությունների արդյունքները միշտ չէ, որ նույնն են, ինչ մարդկանց դեպքում, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Հետազոտությունը ցույց է տալիս, թե որքանով են օմեգա-3 ճարպային թթուներով հարուստ սննդի ազդեցության առումով նման կապիկի եւ մարդու ուղեղի ցանցավոր կառուցվածքները»,- ասում է հետազոտության ավագ հեղինակը՝ Օրեգոնի համալսարանի հոգեբուժության դոցենտ, վարքային նյարդաբանության ամբիոնի դոցենտ Դեմիեն Ֆեյրը:
Օմեգա-3 ճարպային թթուներն օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութեր են, որոնք պարունակվում են որոշ յուղոտ ձկներում, ինչպիսիք են՝ իշխանը, թյուննոսը, սկումբրիան եւ այլն:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են դոկոզահեքսաենայինի՝ օմեգա-3 ճարպային թթվի ազդեցությունը, որն ահնրաժեշտ է նորածինների տեսողության զարգացման համար:
Հետազոտողները մտադիր են պարզել՝ արդյոք ուղեղի որոշ հատվածներում խնդիրներ ունեցող կապիկների վարքային մոդելը նույնն է, ինչ ուշադրության որոշակի խախտումներով (աուտիզմ եւ ուշադրության բացակայության սինդրոմ) մարդկանց վարքը: Նրանք նաեւ հույս ունեն ուսումնասիրել, թե ինչպես են տարատեսակ դիետաներ ազդում կենդանիների վրա նրանց ամբողջ կյանքի ընթացքում:






