Երբ երեխայի ջերմությունը բարձրանում է, ծնողների մեծ մասն անմիջապես սկսում է դեղորայքի կամ տարբեր ժողովրդական մեթոդներով իջեցնել այն: Սակայն, ըստ մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի, ոչ բոլոր դեպքերում է պետք իջեցնել երեխայի ջերմությունը:
Ո՞ր ջերմությունն է նորմալ համարվում, որը՝ բարձր
Եթե ջերմություն չափում եք թեւատակից, նորմալ կարող է համարվել է 34.7-ից մինչեւ 37.2 աստիճանը: Հետանցքային չափման պարագայույմ նորման 36.6-38 աստիճանն է: Իսկ եթե բերանով եք չափում, նորմա է համարվում 35.5-37.8 աստիճանը: Այս ցուցանիշերից բարձր ջերմությունն արդեն բարձր է համարվում:
Ինչո՞ւ միշտ չէ, որ պետք է իջեցնել ջերմությունը
Բանն այն է, որ ջերմությունը հիվանդությանն օրգանիզմի կարեւոր պաշտպանական ռեակցիան է: NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ երբ ջերմությունը հասնում է 38-40 աստիճանի, լեյկոցիտները սկսում են ավելի ակտիվորեն ոչնչացնել օրգանիզմում հայտնված պաթոգենները: Եթե այդ ժամանակ իջեցնում եք ջերմությունը, փաստացի միջամտում եք օրգանիզմի պաշտպանական գործառույթներին:
Հարկ է նաեւ նշել, որ հիպոտալամուսը սովորաբար հետեւում է, որպեսզի ջերմությունը 41.5 աստիճանից չբարձրանա. այսքան բարձր ջերմությունն արդեն կարող է վտանգավոր լինել ոչ միայն պաթոգենների, այլեւ օրգանիզմի համար:
Ե՞րբ է ՀԱՐԿԱՎՈՐ իջեցնել բարձր ջերմությունը
Սովորաբար խորհուրդ է տրվում երեխայի ջերմությունն իջեցնելու մասին մտածել, երբ ջերմաչափը 38.5 կամ ավելին է ցույց տալիս:
Եթե բարձր ջերմության հետեւանքով երեխան չի կարողանում խմել, հրաժարվում է ուտելուց, անգամ 38.5-ից ցածր ջերմությունը հարկավոր է իջեցնել՝ ջրազրկումից եւ այլ խնդիրներից խուսափելու համար:
Իսկ եթե երեխան ակտիվ է, նորմալ է տանում բարձր ջերմությունը, շատ հեղուկ է խմում, ըստ մասնագետի, պետք չէ շտապել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր