Հազի որոշակի տեսակներ անհանգստացնում են ընդամենը մի քանի օր, մյուսները մի քանի շաբաթից էլ չեն անցնում: Հազը կարող է լինել «սուր» կամ քրոնիկ, չոր կամ խոնավ: Այս բոլոր առանձնահատկությունները, ինչպես նշում է Քլիվլենդի հիվանդանոցի թոքային մասնագետ Ռեյչել Թալերչիոն, կարող են շատ բան պատմել ձեր հիվանդության մասին:
«Սուր» հազ
Հիմնականում սուր հազն առաջանում է մրսածության, գրիպի կամ վերին շնչուղիների վարակների հետեւանքով: Այն 8 շաբաթից ավել չի տեւում եւ հազի դեմ դեղերը, որպես կանոն, այն լավ փափկացնում են:
Սակայն եթե առանց դեղատոմսի վաճառվող դեղերը Ձեզ չեն օգնում, իսկ հազը 2 շաբաթից ավել շարունակվում է, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, որը կարող է հասկանալ, արդյոք հազի պատճառը վարակն է եւ եթե այո, ինչպես այն բուժել:
Սուր հազը կարող է լինել նաեւ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին կապույտ հազն է կամ թոքաբորբը:
Կապույտ հազը վարակիչ հիվանդություն է, որի վարակը կարելի է պատվաստման միջոցով կանխել: Կապույտ հազը ժամանակի ընթացքում ուժեղանում է, հաճախ այն ուղեկցվում է նաեւ փսխումով:
Կապույտ հազը բուժում են հակաբիոտիկներով, որը պետք է բժիշկը նշանակի:
Թոքաբորբը հիվանդություն է, որի ժամանակ թոքերը բորբոքվում են եւ լցվում հեղուկով: Թոքերի բորբոքման որոշ տեսակները կարելի է պատվաստման միջոցով կանխել:
Թոքերի բորբոքման ժամանակ սկզբում հազը չոր է, սակայն ժամանակի ընթացքում սկսում է արտազատվել դեղին, կանաչ եւ կարմրավուն խորխ:
Եթե թոքերի բորբոքման պատճառը մանրէածին վարակն է, հիվանդին անհրաժեշտ են հակաբիոտիկներ, իսկ եթե վիրուսային վարակը՝ հանգիստ եւ հազի դեմ դեղեր:
Քրոնիկ հազ
Քրոնիկ է համարվում այն հազը, որը շարունակվում է 8 եւ ավելի շաբաթների ընթացքում: Պատճառները կարող են շատ լինել եւ դրանցից էլ կախված է բուժումը:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ թոքերում բորբոքային գործընթացների պատճառով դժվար է դառնում շնչելը: Հիվանդության զարգացմանը, որպես կանոն, նպաստում է գրգռիչների երկարատեւ ազդեցությունը, օրինակ ծխախոտի ծուխը:
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ժամանակ սովորաբար լինում է քրոնիկ, հաճախակի հազ, որի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ խորխ, հատկապես առավոտյան:
Բուժումը կատարվում է բժշկի կողմից նշանակված մի շարք դեղամիջոցներով, այդ թվում բրոնխոլիտիկ դեղերով (դեղամիջոցներ, որոնք օգնում են բացել շնչուղիները), ինհալացիոն ստերոիդներով եւ իհարկե ծխելուց հրաժարվելով:
Նշենք, որ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը համարվում է չբուժվող հիվանդություն եւ դրա բուժումն ուղղված է կյանքի որակի բարելավմանը եւ մահացության նվազեցմանը, կյանքի տեւողության ավելացմանը:
Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսային հիվանդությունը քրոնիկ կրկնվող հիվանդութուն է, որի ժամանակ անընդհատ կերակրափող է լցվում ստամոքսի եւ/կամ դուոդենալ պարունակությունը, ինչը հանգեցնում է կերակրափողի ստորին հատվածի ախտահարմանը: ԳԷՌՀ-ն քրոնիկ հազի երկրորդ ամենատարածված պատճառներից մեկն է:
ԳԷՌՀ-ի ժամանակ հազը լինում է չոր, սպազմատիկ, պառկած ժամանակ ուժեղանում է:
Բուժումը նշանակում է բժիշկը: Որպես կանոն, նշանակվում են առանց դեղատոմսի տրվող դեղեր, որոնք նվազեցնում են ստամոքսում թթվի արտադրոթյունը:
Ասթման շնչուղիների բորբոքային հիվանդություն է:
Ասթմայի ժամանակ հազը չոր է, խռպոտ, գիշերը, ինչպես նաեւ ցուրտ եղանակին եւ ֆիզիկական վարժությունների ժամանակ ուժեղանում է:
Որոշ դեպքերում հազը կարող է դեղերի կողմնակի ազդեցությունը լինել: Օրինակ ԱՊՖ ինհիբիտորներ ընդունող հիվանդների մոտ 20 տոկոսը բախվում է քրոնիկ հազի հետ: Սովորաբար դա չոր հազ է, իսկ դրա բուժման համար անհրաժեշտ է մասնագետի հետ խորհրդակցել, որը հավանաբար, կորոշի փոխել նման կողմնակի ազդեցություն պատճառող դեղը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր