Մելանոման մածկի քաղցկեղի շատ վտանգավոր տարատեսակ է, որը նկատելը թվում է` ավելի հեշտ է, քան քաղցկեղի շատ այլ տեսակներ: Սակայն մելանոման շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմով, այդ պատճառով դրա ուշ կանխարգելումը կարող է անշրջելի հետեւանքների հանգեցնել:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ուռուցքաբան եւ քիմիաթերապեւտ Արմեն Ավագյանը նշել է, որ մելանոմայի զարգացման ռիսկի հիմնական գործոններից մեկը արեւայրուքն է: Հենց այդ պատճառով շատ բժիշկներ մարդկանց խորհուրդ են տալիս արեւի լոգանք չընդունել, հատկապես` ցերեկը, երբ արեւը շատ վառ է լուսավորում եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկում վտանգավոր գործընթացներ կսկսվեն:
• Եթե Դուք այնուամենայնիվ շատ եք ուզում արեւի լոգանք ընդունել, ցանկալի է դա անել առավոտյան կամ երեկոյան, երբ արեւն ավելի թույլ է: Ցանկալի է նաեւ այդ ընթացքում արեւապաշտպան քսուք օգտագործել:
• Եթե Դուք ստիպված եք ցերեկը փողոց դուրս գալ, ջանացեք այնպիսի հագուստ կրել, որը կփակի Ձեր ձեռքերը եւ ոտքերը:
• Լավ միտք է` լայնեզր գլխարկ կրել, որը Ձեր դեմքը, կուրծքը, պարանոցը եւ ուսերը կպաշտպանի արեւից:
Սովորաբար մելանոման սկսում է զարգանալ խալերում, այդ պատճառով խալերի ցանկացած փոփոխությունը պետք է Ձեզ ստիպի զգուշանալ. խալի գույնի, ձեւերի, ուրվագծի, խտության փոփոխություններն այն ախտանիշներն են, որոնց ի հայտ գալու դեպքում ցանկալի է մաշկաբանին կամ օնկոդերմատոլոգին դիմել: Իհարկե, այս բոլոր փոփոխությունները բոլորովին էլ մելանոմա չեն նշանակում, սակայն ամեն դեպքում արժե փոփոխված խալը ցույց տալ բժշկին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր