• Latest news

Ինչու են կանայք տղամարդկանցից ավելի հաճախ տառապում վահանաձեւ գեղձի հիվանդություններով

15 մարտի, 2014  10:12

Այսօր ամբողջ աշխարհում մոտ 2 մլրդ մարդ տառապում է յոդի պակասով, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը: Հետաքրքիր է, որ ինչպես յոդի անբավարարությունը, այնպես էլ վահանաձեւ գեղձի հիվանդություններն ամենից հաճախ հանդիպում են կանանց շրջանում. համարվում է, որ մոլորակի յուրաքանչյուր 3-րդ կինը վաղ թե ուշ բախվում է այս խնդրին:

Մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձեւ գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար եւ հանգեցնում է մի շարք հիվանդությունների, որոնք ազդում են մարդու մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:

«Ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների՝ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները կանանց շրջանում մոտ 3-10 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց շրջանում: Սա վերաբերում է եւ թունավոր խպիպին, եւ թիրեոիդ հորմոնների անբավարարությանը», - ասաց Էդվարդ Թորոմանյանը:

Էնդոկրինոլոգը բացատրեց, որ վահանաձեւ գեղձը թիրեոիդ հորմոններ է սինթեզում, որոնք պատասխանատու են օրգանիզմում նյութափոխանակության հետ կապված շատ բարդ գործընթացների համար: Առաջին հերթին՝ դրանք անհրաժեշտ են սեռական, նյարդային, մկանային եւ ոսկրային համակարգերի նորմալ գործունեության համար:

Քանի որ կանայք առավել ենթակա են տարատեսակ հորմոնալ խախտումների, նրանց օրգանիզմը շատ զգայուն է ցանկացած հորմոնալ փոփոխությունների նկատմամբ եւ դրանց ավելի սուր է արձագանքում, քան տղամարդկանց ավելի «հանգիստ» օրգանիզմը: Հենց այս պատճառով յոդի անբավարարությունը հաճախ խնդիրներ է առաջացնում կանանց, այլ ոչ տղամարդկանց վերարտադրողական համակարգում:

Մի շարք հետազոտությունների համաձայն՝ վահանաձեւ գեղձի արտադրած թիրեոիդ հորմոններն օրգանիզմը պաշտպանում են  կանցերոգեն նյութերից, իսկ այդ հորմոնների պակասի դեպքում կանանց կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մեծանում է: Բժիշկ Էդվարդ Թորոմանյանը նշեց, որ մաստոպաթիայով տառապող կանանց մեծ մասի օրգանիզմում շատ հաճախ վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվում, ուստի քչերը կարող են կասկածել վահանաձեւ գեղձի եւ «կանացի» տարատեսակ հիվանդությունների կապի հարցում:

Յոդի անբավարարության նկատմամբ առավել զգայուն են հղի կանայք, քանի որ այդ շրջանում կնոջ հորմոնալ համակարգը բավական լուրջ փորձությունների է ենթարկվում: Բացի դրանից՝ 16-17 շաբաթականից սկսում է զարգանալ պտղի վահանաձեւ գեղձը, նա յոդը վերցնում է մոր օրգանիզմից:

Քանի որ կանանց շրջանում այդքան հաճախ են հանդիպում յոդի անբավարարությունն ու վահանաձեւ գեղձի հիվանդությունները, բժիշկները խորհուրդ են տալիս այդ հիվանդությունների կանխարգելման համար բոլոր միջոցները ձեռնարկել. առաջին հերթին՝ լավ կլինի սննդի մեջ յոդացված աղ օգտագործել, քանի որ յոդի անբավարարություն ունեցող երկրներում (որոնց թվում է նաեւ Հայաստանը) յոդացված աղը յոդի փոքրաթիվ աղբյուրներից է: Բացի այդ, Էդվարդ Թորոմանյանը 40-ն անց կանանց խորհուրդ է տալիս գոնե ժամանակ առ ժամանակ վահանաձեւ գեղձի կանխարգելիչ ուլտրաձայնային հետազոտություն անցնել. որքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան հեշտ կլինի լուծել այն:

Ինչ վերաբերում է հղի կանանց՝ ամենից հաճախ նրանց խորհուրդ է տրվում յոդի պարունակությամբ հատուկ դեղամիջոցներ ընդունել, ինչը կօգնի խուսափել մի շարք բարդություններից ինչպես մոր, այնպես էլ մանկան դեպքում:

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է