• Latest news

Ինչպե՞ս դիմակայել ամռան շոգին

28 հունիսի, 2017  10:24

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաեւ առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արեւի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարեւոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձեւավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը եւ այլն: Արեւային լույսի անբավարար  քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում եւ այլն): Սակայն մեծ քանակով երկարատեւ ազդեցությունը համարվում է վտանգավոր եւ մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետեւանքներ՝ առաջացնելով արեւային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արեւահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն,  լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաեւ ընդհանուր տոքսիկ երեւույթներով`  մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արեւի ուղիղ ճառագայթները, այլեւ բացօթյա ստվերոտ տարածքները:

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց աճում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Կենսագործունեությանն անհրաժեշտ կայուն ջերմաստիճան ապահովելու համար մի շարք օրգան-համակարգեր ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում, հատկապես սրտանոթային եւ շնչառական համակարգերը: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային եւ ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաեւ կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաեւ արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը: Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Օրգանիզմի 85% ջերմատվության ուղին քրտնարտադրությունն է, այն խիստ ավելանում է շոգ եղանակին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին կարող է հասնել մինչեւ 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիորմ, կալիում, կալցիում, մագնեզիում եւ այլն), ջրալույծ վիտամինները եւ սպիտակուցներ: Արդյունքում կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ: Մասնագետների կարծիքով` 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը, 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը եւ խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:

Միաժամանակ, խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով շոգ եղանակին ավելանում է մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել