• Latest news

Գրիպի «А» տեսակը վերադառնում է. ինչո՞վ է այն տարբերվում COVID-19-ից եւ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

21 դեկտեմբերի, 2021  15:12

Վերջին շաբաթներին Հայաստանում COVID-19-ով հիվանդացությունը նկատելիորեն նվազել է, սակայն միեւնույն ժամանակ սկսել են գրանցվել սեզոնային գրիպով վարակման դեպքեր, այդ թվում՝ բավական ծանր։ Ըստ մասնագետների՝ այսօր երկրում շրջանառվում է գրիպի «A» տեսակը։

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչո՞վ է տարբերվում կորոնավիրուսային վարակից եւ ո՞ւմ համար է վտանգավոր: Այս հարցերի պատասխանը NEWS.am Medicine-ը ստացավ համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանից։

Միմյանց փոխարինող վիրուսներ

Դեռեւս երկու տարի առաջ A (H1N1) եւ A (H3N2) ենթատեսակների գրիպի վիրուսները շրջանառվել են աշխարհի շատ երկրներում եւ վարակել մեծ թվով մարդկանց։ Երբ կորոնավիրուսը հայտնվեց եւ սկսեց ակտիվորեն տարածվել, գրիպի վիրուսը կարծես հետին պլան մղվեց։ Հարցն այն չէ, որ մարդիկ պարզապես մոռացան դրա մասին, այլ այն, որ դրանով վարակվելու դեպքերն իսկապես սկսեցին քչանալ։

Դա հաստատում է նաեւ Մերի Տեր-Ստեփանյանը։ Նրա խոսքով ՝ անցած տարի, երբ գրիպի վիրուսի ախտանիշների նման ախտանիշներ ունեցող մարդկանցից նմուշներ վերցվեցին եւ ուղարկվեցին լաբորատոր հետաքննության, պարզվեց, որ նրանց մոտ գրիպի վիրուս չի հայտնաբերվել։ Այս տարի պատկերը փոխվել է․ նույն կլինիկական ախտանիշներով պացիենտների նմուշներում արդեն հայտնաբերվել է գրիպի A տեսակ։ Դա, ըստ փորձագետի, բնական է, քանի որ վիրուսները սովորաբար «ակտիվանում» են ցիկլային կերպով՝ կարծես փոխարինելով միմյանց։

«Վիրուսները զարգանում են՝ փոխարինելով միմյանց որոշակի հաճախականությամբ։ Սա բնական համաճարակային գործընթաց է եւ միանգամայն սպասելի»,-ասաց մասնագետը։

Վիրուսի շտամներ․ ի՞նչ է դա  

Վիրուսի շտամները, ըստ համաճարակաբանի, տարբերվում են վիրուսի կառուցվածքում առկա ֆերմենտների հաջորդականությամբ։ Ի՞նչ է մեզ տալիս այս տեղեկատվությունը: Պացիենտներին՝ ոչինչ, համաճարակաբաններին՝ կարեւոր տեղեկություն։

Պացիենտը, ինչպես նշեց մասնագետը, ամենեւին կարիք չունի իմանալու, թե գրիպի ինչ շտամ է իր մոտ հայտնաբերվել կամ արդյոք այն շրջանառվում է երկրում. դրանից կախված չէ ո՛չ կանխարգելումը, ո՛չ բուժումը։ Շտամները միայն համաճարակաբանական նշանակություն ունեն. դրանք համաճարակաբաններին տեղեկատվություն են տրամադրում այն ​​մասին, թե որքան արագ կտարածվի վիրուսը, ինչ սպասել եւ այլն: Օրինակ՝ A տեսակի գրիպը տարբերվում է նրանով, որ առավել ինտենսիվ է տարածվում եւ կլինիկապես ավելի ծանր է ընթանում, քանի B կամ C տեսակի վիրուսները: 

Ինչպե՞ս տարբերել գրիպը COVID-19-ից  

Շատ դժվար է ինքնուրույն տարբերել կորոնավիրուսային վարակն ու գրիպը․ այս հիվանդությունների ախտանիշները շատ նման են։ Երկու դեպքում էլ հիվանդը կարող է ունենալ մկանային ցավ, գլխացավ, ջերմություն, կոկորդի ցավ։ Ախտանիշների ինտենսիվությունը, ըստ մասնագետի, կարող է փոքր-ինչ տարբերվել, սակայն լաբորատոր հետազոտություն է անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք դա գրիպ է, թե՝ COVID-19։

Երկու հիվանդությունների համար ռիսկի խմբերը, կարելի է ասել, ընդհանուր են։ Վարակը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, տարեցների եւ հղիների համար։ Նրանք բոլորը կարող են բախվել լուրջ հետեւանքների թե գրիպի, թե կորոնավիրուսի ժամանակ։

Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք սովորաբար հեշտ են տանում COVID-19-ը, սակայն նրանց մոտ գրիպը հաճախ դժվար է ընթանում, ուստի երեխաները նույնպես համարվում են ռիսկի խումբ գրիպի համար։

Բուժում

Ինչպես COVID-19-ի, այնպես էլ գրիպի ժամանակ ամենից հաճախ կիրառվում է սիմպտոմատիկ բուժում: Այնուամենայնիվ, կա առնվազն մեկ դեղամիջոց, որը բավական արդյունավետ կերպով օգտագործվել է գրիպի բուժման համար։ Եվ դեռ չկան դեղամիջոցներ, որոնք կարող են ազդել հենց կորոնավիրուսի վրա եւ արդյունավետորեն օգտագործվել COVID-19-ի բուժման համար։

Ինչպե՞ս պաշպանվել գրիպից 

Մասնագետի խոսքով՝ գրիպի վիրուսն ունի բարձր մուտացիոն հատկություններ, եւ «գոյատեւելու» իր ձգտումներում ավելի արագ է հարմարվում նոր պայմաններին։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում գրիպի դեմ պատվաստվել ամեն տարի. ընդամենը մեկ տարի անց վիրուսն այնքան է փոխվում, որ նախորդ պատվաստումից հետո կամ հենց հիվանդությունից հետո պահպանված հակամարմիններն այլեւս արդյունավետ չեն դրա դեմ։

Այսօր Հայաստանում շրջանառվում է գրիպի «A» տեսակի H3 շտամը, ամենայն հավանականությամբ՝ A (H3N2)։ H3 շտամը, ըստ մասնագետի, ընդգրկված է այս տարվա պատվաստանյութում, ուստի պատվաստվածները որոշակի պաշտպանություն են ստանում վարակից, իսկ վարկման դեպքում՝ բարդություններից։

Իսկ ինչ վերաբերում է գրիպի կանխարգելմանը, այն ոչնչով չի տարբերվում կորոնավիրուսային վարակի կանխարգելումից՝ ձեռքերի հիգիենա, սոցիալական հեռավորություն, դիմակ կրելը. այս ամենը նվազեցնում է երկու վարակներով վարակվելու ռիսկը։   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել