• Latest news

Ի՞նչ անենք, որ շտապօգնության անձնակազմը իսկապես շտապ օգնության հասնի. պատգամավորը՝ նախարարին

17 հունվարի, 2024  20:00

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջին մեկ շաբաթվա ընթացքում շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության երկու դեպքերին:

«Այստեղ նյուանսներ կան. Իմ կարծիքով շտապօգնություն կանչող քաղաքացիներն ամենաշահագրգռվածն են պատշաճ կերպով ընդունելու շտապօգնության անձնակազմին, եւ այս տեսանկյունից մի քիչ անտրամաբանական է քաղաքացիների ոչ ադեկվատ  վարքագիծը, առավելեւս բռնության իրականացումը: Միգուցե ուշացումներն են պատճառը, որի հետեւանքով հիվանդի մոտ վիճակի վատթարացում է գրանցվում, որն էլ առաջացնում է քաղաքացիների ագրեսիվությունը: Ի՞նչ անենք, որ շտապօգնությունն իսկապես շտապ օգնության հասնի եւ մենք այս խնդիրները չունենք: Երբեմն ոչ ճիշտ ընտրված խոսույթն էլ է այսպիսի խնդիրներ առաջացնում: Դուք լուծումը որտե՞ղ եք տեսնում»,-ասաց նա՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

Վերջինս ի պատասխան նշեց. «Նախ կուզեի տարանջատենք հարցի երկու կողմերը. Որեւէ ծառայության կողմից ծառայության որակի, ժամկետի կամ որեւէ դժգոհություն չի կարող հիմք հանդիսանալ բռնություն կիրառելու համար: Եթե անգամ գրանցվում են բողոքներ, դրանք վեր հանելու իրավական ճանապարհներ կան: Մենք վեր հանված բողոքները մանրակրկիտ ուսումնասիրում ենք եւ փորձում ենք լուծումներ տալ:

Կոնկրետ այս դեպքերում շտապօգնության ծառայությունը ուշացումներ չի գրանցել, ժամանակին են հասել, եւ պատշաճ իրականացրել է իր գործառույթները: Ցավոք սրտի, այո, բժիշկների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելը նաեւ որոշակի ռիսկեր է իր մեջ պարունակում: Այս դեպքերը, ցավոք, բացառիկ չեն: Անցած տարի մենք ականատես եղանք հենց ԲԿ-ում մանկաբույժի նկատմամբ բռնության դեպքի: Մեր արձագանքը պետք է խիստ ու հստակ լինի, եւ իրվունքի ողջ խստությամբ այդ անձինք պետք է պատժվեն»:

Անդրադառնալով շտապօգնության ոլորտում բարեփոխումներին, Ավանեսյանն ասաց. «Այդ ծրագիրը շատ մեծ տեմպերով առաջ է գնում, եւ մենք արդեն իսկ սկսել ենք շտապօգնության թե ձեւաչափի, թե բովանդակության փոփոխության պիլոտային ծրագիրը:  Փոփոխվում են շտապօգնության կանչերի գրանցման եւ դրանց արձանագրման մեխանիզմները, ստեղծվելու են կենտրոնական դիսպետչերական կայաններ եւ այն բոլոր հարցերը, երբ շտապօգնության են դիմում, երբ դա կանչի ենթակա կարիք չէ, եւս կֆիլտրվեն եւ կուղղորդվեն տեղամասային բժշկին, որպեսզի այս օղակն իր պարտականությունների շրջանակում ապահովի բուժօգնությունը ու թեթեւացնի շտապօգնության կանչերի ծանրաբեռնվածությունը»:

Նա հավելեց, որ մտածում են նաեւ առաջնային օղակում որոշակի ավտոմոբիլային հնարավորություններ ստեղծելու շուրջ. «Այդ ծրագիրը կդրվի մասնագետների քննարկմանը, որ առաջնային օղակի բժիշկները եւս կարողանան կանչեր իրականացնել, որոնք շտապօգնության կանչեր չեն»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել