• Latest news

Մեկ օր մանկաբույժի հետ. Հրաչուհի Ղազարյան

6 օգոստոսի, 2023  16:22

Մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի աշխատանքային օրն սկսվում է վաղ առավոտյան։ Ժամը 8.15-ին նա արդեն «Ուիգմոր» հիվանդանոցում է։ 08.30-ին՝ ամենօրյա խորհրդակցություն կենտրոնի բժիշկների հետ։ Քննարկում են անհետաձգելի դեպքերը, օպերատիվ որոշումներ կայացնում։ «Ուիգմոր» բուժկենտրոնի փոխտնօրենն այնուհետեւ սկսում է շրջայցը։

Այսօր ամբողջ օրը NEWS.am Medicine-ի նկարահանող խումբն ուղեկցում է բժշկին, ծանոթանում  մանկաբույժի մասնագիտության առանձնահատկություններին։

Շտապ բուժօգնության բաժանմունքում ենք։ Կարճ քննարկում հերթապահ բժիշկների հետ։ Ներկայացնում են գիշերվա իրավիճակը։ Որքան երեխա է ընդունվել, ինչ խնդիրներով։

Հրաչուհի Ղազարյանը հինգ քույրերի հետ մանկությունն անցկացրել է Կապանում՝  Ղարաբաղյան առաջին պատերազմի ծանր տարիներին։ Դեղագործ հոր խորհրդով է ընտրել բժշկի մասնագիտությունը։

«Բայց այսօր հետահայաց ես չեմ փոշմանել։ Այսօր ես այլ որոտում եւ այլ մասնագիտության մեջ ինձ չեմ պատկերացնում», - ասում է նա։

Խոսում ենք մանկաբույժի աշխատանքի դժվարությունների մասին. ինչպե՞ս է հաջողվում, կին լինելով, զսպել հույզերը ծանր հիվանդ երեխաների հետ աշխատելիս եւ կենտրոնանալ ճիշտ որոշումներ կայացնելու վրա։ Դա մանկաբույժի աշխատանքի ամենաբարդ մասն է՝ ասում է Հրաչուհի Ղազարյանը։ 

«Երբ գործ ունես խրոնիկ, եւ երբեմն նաեւ վատ ելքով հիվանդությունների հետ, այդտեղ էմոցիաները խեղդում են պարզապես, բայց մենք իրավունք չունենք այդ էմոցիաներն ի ցույց դնել, եւ ընտանիքին շատ ճիշտ, արդար, հավանական ելքերը բացատրում ենք, լինելով իրենց կողքին։ Բայց ես միշտ ասում եմ, կան առողջացած, եւ դժվար հիվանդությունները հաղթահարած երեխաներ․ նրանց մի մասին հիշում ես, մի մասին չես հիշում։ Բայց բոլոր այն դեպքերը, երբ ունենք անհաղթահարելի խրոնիկ հիվանդություն, եւ չունենք պայքարելու միջոց, այդ բոլորը՝ օրը, ժամը, հատիկ տաիկ հիշվում եւ մնում է», - ասում է նա։

Իսկ ինչպե՞ս է հաջողվում կին բժշկին համատեղել աշխատանքն ու ընտանիքը, չէ՞ որ նրա աշխատանքը երբեմն 7/24 ռեժիմ է պահանջում։ Բժշկուհին երեք դուստր ունի, փոքրն այս տարի է դպրոց գնալու։ Ընտանիքն իհարկե երբեմն տուժում է, բայց փորձում ես հավասարակշռություն գտնել՝ ասում է Հրաչուհի Ղազարյանը։

«Տարիների ընթացքում երեխաներս նույնպես համակարպվել են այս իրավիճակին։ Իհարկե ես ամեն երեկո իրենց հետ ամփոփում եմ օրը, ստուգում եմ իրենց դասերը, փոքր աղջկաս հետ ամեն գիշեր հեքիաթ եմ կարդում։ Այսինքն՝ առավելագույնս փորձում եմ, որ այդ խնամքը իրենք զգան», - ասում է բժիշկը։

Առավոտյան շրջայցը շարունակվում է ընդհանուր մանկաբուժության բաժանմունքում։ Գիշերվա բժիշկը գործընկերոջն է հանձնում հերթապահությունը, փոխտնօրենին զեկուցում բոլոր փոքրիկ պացիենտների վիճակի մասին, միասին կազմում են նրանցից յուրաքանչյուրի բուժման պլանը։ Բարդ կամ ծանր դեպքերում Հրաչուհի Ղազարյանն ինքն է զննում պացիենտներին։

Բժշկուհին այնուհետեւ անցնում է նաեւ մյուս բաժանմունքներով՝ վերակենդանացում, վիրաբուժություն, վնասվածքաբանություն։ Նորից բժիշկների հետ քննարկում է բարդ դեպքերը։ Հետո, երբեմն, երբ օրվա զբաղվածությունը թույլ է տալիս, կարելի է ոչ մեծ ընդմիջում կատարել, սուրճ խմել հիվանդանոցի պատշգամբում, որտեղից Արարատի տեսարանն է բացվում։

Շրջայցից հետո սկսվում է պացիենտների ընդունելությունը բժշկի աշխատասենյակում։ Մանկաբույժի մասնագիտությունում ամենալավը երեխաների հետ մշտական շփումն է՝ ասում է բժիշկը։

«Երեխաների հետ շփումը շատ մաքուր, հետադարձ դրական էմոցիաներով շփում է։ Դա անասելի էմոցիաներ են։ Մենք միշտ երիտասարդ ենք մնում այդպես, որովհետեւ շարունակական շփվում ես նոր սերնդի հետ՝ կրծքահասակ երեխայից մինչեւ դեռահասություն, եւ ավագ տարիք, եւ միշտ իրենց հետ քայլում ես ժամանակին զուգահեռ», - ասում է Հրաչուհի Ղազարյանը։

Երեւանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո Հրաչուհի Ղազարյանը բազմաթիվ վերապատրաստումներ է անցել  ԱՄՆ–ում, Ավստրիայում, Շվեյցարիայում, վերջինը՝ Հարվարդի բժշկական դպրոցում։ Այսօր արդեն ինքն է կրթում մանկաբույժների հաջորդ սերնդին որպես Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ։ Բայց լավ մանկաբույժ լինելու համար լավ կրթությունը բավարար չէ։

«Ես նաեւ իմ ուսանողներին, ռեզիդենտներին, օրդինատորներին, երիտասարդ կոլլեգաներին միշտ ասում եմ, որ ընտանիքը չի ստուգում, թե դուք որ ուղեցույցով եք նրան բուժում, եւ ընտանիքի համար առաջինը ձեր վերաբերմունքն է, ձեր կարեկցանքը, ապրումակցումը, ձեր շփվելու հմտությունները, եւ իսկապես ընտանիքի կողմից խնդիրը դիտարկելը»

Ո՞րն է սիրված մանկաբույժի խորհուրդը երեխաներին ու նրանց ծնողներին։  Առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ճիշտ քուն, կանխարգելիչ բոլոր պատվաստումները, հետազոտությունները՝ ասում է բժշկուհին ու առողջ ընտանիքի համընդհանուր բաղադրատոմսին ավելացնում սեփական բաղադրիչները՝  երեխաներին՝ անվերջ կրթվել, ծնողներին՝ վայելել իրենց երեխաների մանկությունը։

«Պետք է վայելել։ Պիտի մաքսիմալ լսենք մեր երեխաներին։ Իրենցից շատ բան ունենք սովորելու», - սաում է նա։

Սովորում է նաեւ ինքը։ Իր փոքրիկ պացիենտներից, որոնք երբեմն ստիպված են լինում հաղթահարել նույնիսկ մեծահասակի համար չափազանց ծանր թվացող փորձություններ։ Հաղթահարել մանկական մաքրությամբ ու հավատով, որը նրանց ներշնչում է հարազատի հոգատարությամբ իրենց ժպտացող բժիշկը։

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել