• Latest news

Ինչպե՞ս առաջացավ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ստեղծելու գաղափարը. Արա Բաբլոյան

26 հունիսի, 2024  16:04

Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով:

Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը:

Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու եւ քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր եւ տեսակետներ,  եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։

Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։

Նախ ձեւավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։  Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:   

Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը:

Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով:

Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։

Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան  հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար:

Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը:  Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ  ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով:

Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված:

Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ  նախագահ: Զգացված եմ,  որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը:

Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել  եւ համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը: 

Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին:

Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը,  հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները: 

Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների եւ  առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել