Գինեկոլոգիայի արդի խնդիրներից է ծննդաբերության եւ ծննդօգնության եղանակը. ծննդաբերել, ինչպես դա արել են դարեր ի վե՞ր, թե՞ հետեւել նոր միտումներին։ Կեսարյան հատումը փրկություն է երկունքի ցավերի՞ց, թե՞ հարկադրված լուծում է։
NEWS.am Medicine-ը այս հարցերով դիմել է մասնագետներին։ Գինեկոլոգ եւ էնդոկրինոլոգ Նելլի Աբգարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինքը ծննդաբերության ո՞ր եղանակն է խորհուրդ տալիս, ասաց. «Եթե կինն առողջ է, եւ ոչ մի ցուցում չունի կեսարյան հատման համար, ապա միանշանակ պետք է ծննդաբերել բնական եղանակով»։ Ինչ վերաբերում վերջին տարիներին արագ տարածվող եղանակին՝ ջրի մեջ ծննդաբերությանը, բժիշկը նշեց, որ ինքն անձամբ այդպիսի փորձ չունի, բայց այդ եղանակն ընտրած երիտասարդ մայրերից միայն դրական արձագանք է լսել։
Մանկաբարձ-գինեկոլոգ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական Ակադեմիայի ակադեմիկոս Արա Հովակիմյանն ասաց, որ դեմ է ջրի մեջ ծննդաբարելուն։ «Ես ինչպե՞ս կարող եմ ընդունել մի բան, որը հնարված է։ Դա անբնական է։ Իսկ ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, ապա դա ընդամենը եղանակ է այն կանանց համար, որոնք ստիպված են դրան գնալ՝ առողջական վիճակից ելնելով։ Ոչ մի կենդանի ջրի մեջ չի ծննդաբերում, այդպես չէ՞։ Մարդն ինչո՞ւ պետք է դա անի», - նկատեց նա։ Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում տարբեր երկներում կանայք ավելի ու ավելի հաճախ դիմում այդ եղանակին, բժիշկը տվեց հակիրճ պատասխան. «Դա բիզնես է»։ Հովակիմյանի կարծիքով՝ ջրում ծննդաբերելը կարող է վտանգավոր լինել փոքրիկի առողջության համար։ «Մենք վաղուց ջրից դուրս ենք եկել, ինչո՞ւ պետք է նորից վերադառնանք», - ամփոփեց նա։
Մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Կուտոյանը նույն կարծիքին է. «Իհարկե, պետք է ծննդաբերել բնական ճանապարհով։ Իմ կարծիքով՝ ջրի մեջ ծննդաբերելն արկածախնդրություն է»։ Բժիշկը նշեց, որ այդ դեպքում խնդիրներ են առաջանում ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի հարցում։ «Լուրջ, պատրաստված մասնագետներ են պետք ջրում ծննդօգնության համար, բայց ես, ամեն դեպքում, դրան վատ եմ վերաբերվում, որովհետեւ դա անբնական է։ Ես բնական եղանակի կողմնակից եմ», - շեշտեց բժիշկը։






