Երբ կնոջը հաղորդում են, որ նա ունի ուռուցքային գեն, նա հայտնվում է ծանր այլընտրանքի առջև՝ հեռացնել կուրծքը և ձվարանները, թե կանգնել ուռուցքի առաջացման վտանգի առջև։Սակայն, Բելֆաստի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենք գտել են վիրաբուժության այլընտրանքը։
Գիտնականները պնդում են, որ BRCA1 գենի մուտացիայի դեպքում կանայք կարող են օգտագործել արդեն հասանելի դեղերը, որոնք նվազեցնում են հիվանդության զարգացման հավանականությունը, հայտնում է Daily Mail-ը.
Ամեն հազարերորդ բրիտանացի կնոջ մոտ առկա է BRCA1 գենի մուտացիան, հենց դրա պատճառվ էլ Անջելինա Ջոլին ենթարկվել է կրկնակի մաստէկտոմիայի։ Այդ կանանց մոտ քաղցքեղի զարգացման հավանականությունը 85 տոկոս է, իսկ ձվարանի քաղցկեղինը՝40 տոկոս։ Մինչև օրս, նրանց միակ ելքը կրծքի հեռացումն էր վիրահատության միջոցով։ Բելֆաստի Արքայական համալսարանի գիտնականները պնդում են, որ վիրահատության փոխարեն կարելի է նշանակել դեղորայքային բուժում, որը արյան մեջ կիջեցնի էստրոգենի մակարդակը և կնվազեցնի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Կատարված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգենի բարձրացման և կրծքի ու ձվարանի քաղցկեղի առաջացման միջև գոյություն ունի ուղղակի կապ։
Գիտնականները նաև հայտնաբերել են, որ կանանց BRCA1 գենի մուտացիայի դեպքում օրգանիզմի բջիջները ի վիճակի չեն պայքարել էստրոգենի հետ, որի հետևանքով ԴՆԹ-ն վնասվում է։
«Այս բացահայտումը կարևոր նշանակություն ունի BRCA1 գենի մուտացիա ունեցող կանանց համար։ Այս բացահայտման շնորհիվ, այժմ մենք այլընտրանքային հնարավորություն ունենք այդ կանանց վիրահատության փոխարեն առաջարկել բուժում։ Բուժումը կարելի է ընդհատել որոշակի ժամանակահատվածում, եթե կինը պլանավորում է երեխա ծննդաբերել։ Ամենակարևորը այն է, որ շուկայում կարելի է գտնել այդ դեղը, որը ճնշում է օրգանիզմում էստրոգենի արտադրման գործընթացը։ Տեսականորեն այս դեղերը կարող ենք օգտագործել կանանց մոտ էստրոգենի առաջացումը քիմիական ճանապարհով նվազեցնելու համար, ինչը կարող է կանխարգելել վիրահատության անհրաժեշտությունը»,-հայտարարում է այս հետազոտությունը անց կացնող պրոֆեսոր՝ բժիշկ Քինան Սևինջը։
Գիտնականները պլանավորում են հետազոտության առաջին փուլը սկսել 12 հոգանոց կանանց խմբում և երեք ամիսների ընթացքում փորձարկել երկու դեղերի համադրությունը, կատարելով բիոպսիա եւ արյան և մեզի անալիզներ վնասված ԴՆԹ-ն հայտնաբերելու համար։
Հիշեցնենք որ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, ով նույպես կրում է «քաղցկեղային գենը», անցած տարի կատարել է պրոֆիլակտիկ մաստէկտոմիա, իսկ այժմ պատրաստվում է հեռացնել ձվարանները։ Դերասանուհու մայրը և մորաքույրը մահացել են քաղցկեղից, ինչն էլ հենց նման ծայրահեղ որոշում կայացնելու պատճառ է դարձել։






