Արդեն 10 տարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքում, «Լենհարդ» հիմնադրամի աջակցությամբ, կատարվում են կոխլեար (խխունջային) իմպլանտների տեղադրման բարդ վիրահատություններ։ Դա հնարավորություն է տվել վերականգնել 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող 61 երեխայի եւ ժամանակի ընթացքում լսողությունը կորցրած 11 մեծահասակների լսելու ունակությունը։ Վիրահատությունները անցկացրել է ՀՀ եւ Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ Արթուր Շուքուրյանը: Բժիշկը NEWS.am.Medicine-ի թղթակցին պատմեց այս վիրահատության յուրահատկությունների մասին։
Այս մեթոդի էությունը հիվանդի օրգանիզմի մեջ լսողական սարքի տեղադրումն է. սարքը ունակ է փոխակերպել արտաքին խոսափողից եկող էլեկտրական իմպուլսները նյարդային համակարգի համար հասկանալի ազդանշանների։ Ընդ որում, մաշկի տակ ՝ քունքի հատվածում, տեղադրվում է իմպլանտի մարմինը, իսկ ականջի թմբկաթաղանթային խոռոչում միջով դեպի ականջախեցի էլեկտրոդներ են անցկացվում։ Արտաքին խոսակցական պրոցեսորը (աուդիոպրոցեսորը) խոսափողից եկող ձայնը փոխակերպում է տվյալների։ Այս տվյալները եւ էլեկտրական էներգիան փոխանցվում են կոխլեար իմպլանտին։ Այնուհետեւ, էլեկտրական իմպուլսների մեջ կոդավորված ձայնային տեղեկությունը լսողական անալիզատորի հաղորդիչ ուղիներով փոխանցվում է ուղեղի կեղեւային հատված, ինչը լսելու հնարավորություն է տալիս։
«Փաստացի, մենք այս վիրահատության միջոցով վերականգնում ենք լսողական անալիզատորի ծայրամասային վնասված հատվածը։ Կոխլեար իմպլանտացիան մեր մասանագիտության մեջ համարվում է ամենաբարդ վիրահատություններից մեկը։ Այն կատարելու համար կլինիկան պետք է շատ բարձր մակարդակ ունենա։ Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ կատարվում են նման վիրահատություններ»,-ասաց Արթուր Շուքուրյանը։
Այսպիսի վիրահատություններ իրականացնելու համար անհրաժեշտ է մասնագետների մի խումբ, քանի որ իմպլանտացիայի հաջողությունը միայն վիրաբուժական միջամտությունով չէ պայմանավորված։ Մեծ դեր ունեն սուրդոմանկավարժները, վերականգնողները եւ ծրագրավորողները։ Մինչ վիրաբուժական միջամտությունը անցկացվում է նախապատրաստական, իսկ դրանից հետո՝ վերականգնողական փուլ։ Հիմնական պացիենտները երեխաներ են։
Ամբողջ աշխարհում իմպլանտ մատակարարող չորս կազմակերպություն կա։ Ըստ դոկտոր Շուքուրյանի՝ դրանցից ամենահուսալին «Cochlear» ֆիրմայի իմպլանտներն են։ Իմպլանտի հուսալիությունը որոշվում է նրա հետվիրահատական բարդություններով, որոնք տվյալ դեպքում ամենաքիչն են։ Շուքուրյանը բարդությունների շատ քիչ դեպքեր է հիշում։ Նրանցից մեկը տեղի է ունեցել, երբ վնասվածք ստանալուց հետո երեխայի մոտ խնդիրներ են առաջացել։
Հիմնական խնդիրը գումարն է։ Իմպլանտի արժեքը 20 հազար եվրո է։ Քանի որ պետությունը չի հովանավորում այս վիրահատությունները, ապա պետք է դիմել հարուստ եւ բարեխիղճ մարդկանց կամ հիմնադրամների օգնությանը։
Տասներորդ տարելիցի կապակցությամբ բժիշկները եւ մասնագետները կազմում են երեխաների էքստրախումբ։ Հուլիսին վիրահատվելու են 5։
Ավելացնենք, որ այժմ Հայաստանի չորս ծննդատներում առկա են նորածին երեխաների լսողությունը ստուգող սարքեր, որոնք ծառայում են խնդրի ճիշտ ժամանակին բացահայտման եւ դրա լուծման համար։






