Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում 72 հիվանդի (որոնցից ընդամենը 11 են եղել մեծահասակներ, իսկ մնացածը՝ երեխաներ) «Էրեբունի» բժշկական կենտրոնում տեղադրվել են լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված կոխլեար իմպլանտներ։ Այս մասին NEWS.am.Medicine-ի թղթակցին հայտնեց մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի Հատուկ կրթության եւ հոգեբանության ամբիոնի դասախոս, լոգոպեդ Ինեսա Հարությունյանը։ Նա բազմաթիվ միջազգային հիմնադրամների աջակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնադիրներից մեկն է եւ սկսած 2004թ-ից աշխատում է փոքրիկ երեխաների հետ։
Վիրահատություններ են կատարվել ինչպես մինչ խոսքին տիրապետելը լսողությունը կորցրած երեխաներին, այնպես էլ կյանքի ընթացքում լսողությունից զրկված մեծահասակներին։
Կոխլեար իմպլանտացիան հակացուցված է մտավոր հետամնաց, սոմատիկ խնդիրներ եւ սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Երեխաներին ցանկալի է վիրահատել մինչեւ հինգ տարեկանը։ Ըստ Ինեսա Հարությունյանի՝ մինչեւ հինգ տարեկան երեխայի մոտ ձեւավորվում է խոսելու ունակությունը, ինչից հետո կենտրոնական ֆունկցիաները այլեւս չեն գործում։ Չնայած տեխնիկապես հնարավոր է վիրահատություն կատարել, երեխայի խոսքի հետագա զարգացումը եւ լսողական ընկալումը կարող է դրվել հարցականի տակ։ Վերականգման գործընթացը այս դեպքում արդյուավետ չի լինի, կարծում է լոգոպեդը։
Երեխաների վերականգնումը շատ անհատական է։ Այն կախված է երեխայի ունակություններից եւ նրա հետ աշխատող ծնողներից։ Ամենաերկար ժամկետը երկու տարին է. այս ժամանկահատվածում երեխան լիովին ձեռք է բերում խոսելու եւ լսելու ունակությունները։ «Երեխային պետք է տրամադրել առաջին անգամ ձայներ լսելուն, քանի որ դա կարող է նրա մոտ շոկ առաջացնել»,- ասաց Ինեսա Հարությունյանը։ Իսկ եթե որոշ ձայներ եւ բառեր նրան դժվար են տրվում, ապա լոգոպեդը խորհուրդ է տալիս, որ երեխան ավելի շատ շփվի հասակակիցների հետ եւ լսի տարբեր խոսակցություններ։
12-ամյա Հովասափյան Արտեմը առաջինն էր, ում 10 տարի առաջ Հայաստանում տեղադրվել է կոխլեար իմպլանտ։ Այսօր երեխան շատ լավ սովորում է դպրոցում, ունի մի շարք հաջողություններ բասկետբոլում եւ լիովին ինտեգրվել է հասարակության մեջ։
«Թյուր կարծիք կա, որ կոխլեար իմպլանտները երախաներին ագրեսիվ են դարձնում։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Արտեմը շատ բարեսիրտ է»,-ասաց երեխայի հայրը՝ Վարդան Հովասափյանը։ Ըստ Վարդանի՝ հետվիրահատական վերականգողական գործընթացը շատ դժվար է եղել։ Նա իր մեծ երախտագիտությունն է հայտնում Ինեսա Հարությունյանին իր համբերատարության եւ պրոֆեսիանալիզմի համար։ Արդյունքում այդ ամենը զուր չէր։ «Բառերով չեմ կարող նկարագրել մեր զգացումները, երբ մենք հասկացանք, որ երեխան ձայներին արձագանքում է։ Նա սկսեց շրջվել ձայնի վրա եւ արձագանքել դրան անգամ պատի ետեւից։ Ես հիմա պատմում եմ, եւ մարմնովս դող է անցնում։ Ուզում եմ ասել բոլոր ծնողներին՝ անպայման հավատացեք հրաշքներին»։






