Վորլդ Վիժնի նոր ծրագիրը պայքարելու է սեռով պայմանավորված աբորտների դեմ։ Հայաստանում հունիսի 2-ին մեկնարկել է «Պայքար Հայաստանում սեռով պայմանավորված բռնությունների և աբորտների դեմ» ծրագիրը, որն իրականացվում է բրազիլական «Պրոմունդո» կազմակերպության և համաշխարհային «Մենինգեյջ» դաշինքի հետ համատեղ։
Ծրագիրը գործելու է Հայաստանում, Վրաստանում, Աբխազիայում և Ալբանիայում, քանի որ հենց այս 4 երկրներում արական սեռի նորածինների թվի 5-25 տոկոսով գերազանցում է իգական սեռի երեխաների թվին, ինչը աշխարհում տղա երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է եւ կարող է լուրջ դեմոգրաֆիկական խնդիրներ առաջացնել:
Ըստ Վորլդ Վիժնի ներկայացրած տվյալների՝ այսօր Հայաստանում մինչեւ 15 տարեկան տարիքային խմբում տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին գրեթե 39000-ով։ Եթե մարդիկ շարունակեն գերապատվություն տալ տղա երեխաներին, 2060թվականին Հայաստանում չի լինի 93000 կին։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2012 թվականի հետազոտության՝ Հայաստանում նախորդ 5 տարիների ընթացքում 7200 կին դիմել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, ինչի հետեւանքով ամեն տարի մոտ 1400 աղջիկ երեխա չի ծնվել։
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվելու տղամարդկանց, կանանց և երիտասարդների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրվելու են տղա երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունք սերմանող սոցիալական նորմերը եւ ճանապարհներ են փնտրվելու այդ նորմերի դեմ պայքարի համար։






